ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել են «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը` նշելով, որ նախագծով առաջարկվում է հաստատել մի շարք լիազորող նորմեր:
«Նախագծով հստակեցվում են երիտասարդական քաղաքականության սուբյեկտները, սահմանվում են երիտասարդի տարիքը, երիտասարդական քաղաքականության հիմնական դերակատարները, դրանց գործառույթները, լիազորություններն ու պարտավորությունները: Ամրագրվում են մի շարք կարևոր իրավակարգավորումներ, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն պետական երիտասարդական քաղաքականությունը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով` առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ըստ ԱԺ պատգամավորների առաջարկների՝ նախագծի որոշ հոդվածներ վերանայվել են, կատարվել են որոշակի փոփոխություններ:
Նախագծի խմբագրված տարբերակը լրացվել է նոր հոդվածով, որով սահմանվել է օրենքի կարգավորման առարկան: Ըստ այդմ՝ օրենքը կարգավորում է երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացները, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության իրականացման գործընթացում ներգրավված սուբյեկտների և պետական կառավարման մարմինների միջև ծագող իրավահարաբերությունները:
«Առաջարկվում է «երիտասարդական կազմակերպություն» հասկացությունը սահմանել հետևյալ կերպ՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն, որի կանոնադրությամբ նախատեսված է երիտասարդական աշխատանքի և երիտասարդական ծրագրերի իրականացումը, և որի անդամների առնվազն երկու երրորդը երիտասարդներ են: Իսկ անդամություն չունեցող կազմակերպությունների դեպքում սահմանվում է, որ կառավարման մարմնի անդամների առնվազն երկու երրորդը երիտասարդներ են»,- նախագծի զեկուցման ընթացքում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Սահմանվել է նաև «երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմին» հասկացությունը՝ որպես իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն: Այն ՀՀ տարածքում միավորում է երիտասարդական և երիտասարդության հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ներկայացնում է երիտասարդների շահերն ու իրավունքները և ազգային ու միջազգային մակարդակներում հանդես է գալիս որպես ՀՀ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցչական մարմին: Այս կառույցը պետության հետ՝ ի դեմս լիազորված մարմնի, պետք է ունենա կնքված հուշագիր՝ սոցիալական գործընկերության վերաբերյալ:
«Այս մարմինը պետք է ձևավորվի քաղհասարակության համախմբմամբ, քանի որ դրա ստեղծումը դուրս է պետության լիազորությունների տիրույթից»,- մեկնաբանել է Արթուր Մարտիրոսյանը:
Ավելացվել է նաև «երիտասարդական նախաձեռնող խմբեր» հասկացությունը՝ որպես սուբյեկտ, այն հիմնավորմամբ, որ պետական երիտասարդական քաղաքականության առանցքում պետք է լինեն ոչ միայն ֆորմալ գրանցում ունեցող և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող երիտասարդական կազմակերպությունները, այլև երիտասարդական նախաձեռնող խմբերը: «Հայաստանում կան բնակավայրեր, որտեղ ֆորմալ գրանցված կազմակերպություններ չկան, և մեր դերն է աշխատել նաև անհատ երիտասարդների և այդ խմբերի հետ, որպեսզի նրանք ինքնակազմակերպվեն և կարողանան որոշակի գործառույթներ իրականացնել այն հեռանկարով, որ հետագայում կստանան նաև իրավական կարգավիճակ և կհամալրեն քաղհասարակության ֆորմալ սուբյեկտների ցանկը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Խմբագրվել է նաև «երիտասարդական ծրագիր» հասկացությունը՝ այն սահմանելով իբրև «պետական երիտասարդական քաղաքականությունից բխող պլանավորված միջոցառումների համակարգ»: Դրանով հստակեցվել է դրա տարբերությունը «երիտասարդական միջոցառում» հասկացությունից՝ հնարավոր տարընթերցումներից և շփոթություններից խուսափելու նպատակով։
Նշենք, որ օրենքի նախագիծն ընդունվել է։