ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (ՍԱԼԱՐ) ու «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր:
Փաստաթուղթը Երևանում ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ու «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության գործադիր տնօրեն Ռայան Նոքսը: Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (ՍԱԼԱՐ) նախագահ Անդերշ Հենրիկսոնը հուշագրի էլեկտրոնային տարբերակը ստորագրել է Շվեդիայում:
Կողմերը վստահություն են հայտնել, որ հուշագրով ամրապնդվելու է կրթության ապակենտրոնացմանն ուղղված համագործակցությունը: Հուշագրով սահմանվում են կողմերի միջև համագործակցության պայմանները՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակում։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանդիսանում է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման ու տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագրի հիմնական գործընկերներից մեկը: Ծրագիրն ուղղված է Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների աջակցմանը՝ խթանելով քաղաքական երկխոսությունը, կարողությունների զարգացումը և ինքնակառավարման համակարգի ամրապնդումը թե՛ ազգային, թե՛ տեղական մակարդակներում։ Ծրագիրն ընդգծում է կրթության ապակենտրոնացման դերը տեղական զարգացման գործընթացներում։
«ԴեաԼոԳ» ծրագիրը ներգրավել է 10 գործընկեր համայնքների, որոնք իրենց տարածքում գործող 34 դպրոցների հետ հանդես են եկել երկկողմ՝ դպրոց-համայնք համագործակցությունը խորացնելու նախաձեռնություններով։ Վերջիններս վերաբերում են 10-ից ավելի ուղղություններով հնարավոր համագործակցությանը՝ ներառյալ բուն դպրոցի կառավարումը, արտադպրոցական կրթությունը, քաղաքացիական կրթությունը, ենթակառուցվածքների համատեղ օգտագործումը, բուլինգը, գենդերային հավասարությունը, հակաճգնաժամային կառավարումը, շրջակա միջավայրի պահպանությունը և այլն։
Ծրագրի իրականացման հիմնական առանձնահատկություններից են ճկունությունը և արագ արձագանքման հնարավորությունը բարեփոխումների ընթացքում Կառավարության կարիքների և առաջնահերթությունների փոփոխությանը։ Սույն մոտեցումը երաշխավորելու նպատակով ստեղծվել է Հայաստանի և Շվեդիայի ներկայացուցիչներից կազմված ծրագրի թիմ, որն ապահովում է ընթացիկ երկխոսության շարունակականությունը և նախարարության հետ սերտ համագործակցությունը՝ ի հայտ եկող նոր կարիքները, առաջնահերթությունները և գիտելիքի բացերը հայտնաբերելու համար։ Կողմերը նախասահմանել և փոխհամաձայնեցրել են ծրագրով նախատեսված համագործակցության ոլորտները և հիմնական ուղղությունները, իսկ ծրագրի փաստացի առանձնահատկությունները և մանրամասն գործողությունները կսահմանվեն ծրագրի և բարեփոխումների ընթացքին համընթաց։
Հուշագրով նախատեսվում է ստեղծել նաև աշխատանքային խումբ, որը բաղկացած կլինի հուշագրի բոլոր կողմերի ներկայացուցիչներից:
Կողմերը կհամագործակցեն ապակենտրոնացման գործընթացի համար առաջնային համարվող հետևյալ առանցքային ոլորտներում՝ կրթության ոլորտում ապակենտրոնացման (տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորությունների փոխանցման) ուղղությամբ պետական և տեղական մակարդակներում կառավարման հարցերի շուրջ քաղաքական երկխոսության ձևավորում, ինչպես նաև կրթության ոլորտում ապակենտրոնացման փաստահեն փորձարկման հարթակի ձևավորում: Այն կիրականացվի ինչպես Կառավարությանը, այնպես էլ ընտրված համայնքներին և դպրոցներին աջակցության միջոցով՝ նպատակ ունենալով ուժեղացնել շահագրգիռ բոլոր կողմերի կարողությունները և ձևավորել ապակենտրոնացման գործընթացների համար բարենպաստ պայմաններ։