Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF)՝ Հայաստան ժամանած ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ քննարկել են «Արևելյան գործընկերության երկրների համար հմտությունների և կրթության բարեփոխումների աջակցության ծրագրի» շրջանակում իրականացված և նախատեսվող աշխատանքները:
Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը:
ETF-ի մարդկային կապիտալի զարգացման գլխավոր փորձագետ, ծրագրի ղեկավար Թիմո Կուուսելան և մարդկային կապիտալի զարգացման գլխավոր փորձագետ, հետազոտության համակարգող Մարի Դորլեանսն ամփոփ ներկայացրել են նախորդիվ կայացած աշխատաժողովում քննարկված համատեղ հետազոտության արդյունքները և հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները:
Նախարարի տեղակալները շնորհակալություն են հայտնել իրականացված աշխատանքի համար՝ ներկայացնելով կրթության ոլորտում լայնածավալ և առանցքային բարեփոխումների իրականացման ընթացքն ու նախարարության հանձնառությունը՝ շարունակելու ոլորտի զարգացման քաղաքականությունը: Միաժամանակ, ընդգծվել են իրականացվող աշխատանքների ուղղությամբ տարբեր միջազգային գործընկերների դրական արձագանքը և նախարարության պատրաստակամությունը՝ շարունակելու բազմակողմ երկխոսությունը զարգացման գործընկերների ռեսուրսների համադրման և փաստահեն քաղաքականության իրականացման դիտանկյունից։
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այս համատեքստում կարևորել է ՀՀ-ԵՄ կրթության ոլորտում երկխոսության հարթակը և գոհունակություն հայտնել, որ Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից իրականացվող տարածաշրջանային ծրագիրը նպատակ ունի ապահովելու կրթության շահակիցների առավելագույն մասնակցություն։ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է կառավարման համակարգի հզորացման, կարողությունների զարգացման և համակարգային գործունեության անհրաժեշտությունն ինչպես նախարարության, այնպես էլ ոլորտի մյուս դերակատարների համար:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է հաջողությամբ իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ անդրադառնալով մի շարք ավագ դպրոցներում արհեստական բանականության ուսուցմանը, համընդհանուր ներառական կրթությանը, դպրոցական սննդի կազմակերպմանը՝ առաջարկելով հայաստանյան փորձի փոխանակում տարածաշրջանի և եվրոպական երկրների հետ:
Հանդիպմանը քննարկվել են նաև հնարավոր աջակցության և համագործակցության այլ ուղղություններ:
Նշենք, որ հանդիպմանը նախորդել էր «Արևելյան գործընկերության երկրների համար հմտությունների և կրթության բարեփոխումների աջակցության ծրագրի» շրջանակում կազմակերպված աշխատաժողովը, որի ընթացքում քննարկվել էր Եվրոպական կրթական հիմնադրամի և ազգային փորձագետների համատեղ հետազոտությունը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը միջոցառման ընթացքում ներկայացրել է հանրակրթության ոլորտում իրականացվող լայնածավալ բարեփոխումները, որոնք ներառում են տարբեր խնդիրներ՝ սկսած կրթական ծառայությունների հասանելիության ապահովումից մինչև ենթակառուցվածքների և որակի բարելավում:
Ընդգծելով արտաքին գնահատումների կարևորությունը բարեփոխումների համատեքստում՝ նախարարի տեղակալը ներկայացրել է վերջին գնահատումներում Հայաստանի գրանցած առաջընթացը՝ մասնավորապես անդրադառնալով TIMSS միջազգային ստուգատեսին և ՀԲ-ի կողմից իրականացված Տավուշի մարզում հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գնահատման արդյունքներին: Նա կարևորել է նաև արտադպրոցական, մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև մանկավարժների մասնագիտական զարգացման և խրախուսման ծրագրերը: Նախարարի տեղակալը շեշտադրել է կրթության կառավարման առկա խնդիրների հասցեագրումը՝ նշելով, որ այն ուղղակիորեն կապված է որակյալ կրթության ապահովման հետ:
Հետազոտությունն իրականացրած փորձագետները ներկայացրել իրենց դիտարկումները, որոնք վերաբերել են հաստատությունների ֆինանսավորմանը, կրթական ծառայությունների հասանելիությոնը, կառավարման համակարգի արդյունավետությանը և այլ խնդիրների:
Արևելյան գործընկերության երկրների համար հմտությունների և կրթության բարեփոխումների աջակցության ծրագիրը (Supporting Education Reforms and Skills in the Eastern Partnership) մեկնարկել է 2024 թվականի մայիսից (եռամյա է՝ 2024-2026 թվականների համար): Ծրագրի շրջանակում ակնկալվում է նպատակային գործողությունների միջոցով հզորացնել Արևելյան գործընկերության երկրների կարողություններն ու քաղաքականությունների մշակման ու իրագործման գործընթացները՝ համադրելով յուրաքանչյուր երկրին հատուկ նախաձեռնությունները, ինչպես նաև իրականացնելով փոխադարձ ուսուցում և ցանցային համագործակցություն:
Հիշեցնենք, որ Եվրոպական կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին ավելի վաղ ընդունել էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: