Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը պատգամավորական նախաձեռնությամբ շրջանառության է դրվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի և հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանի կողմից:
Օրենսդրական փոփոխությամբ կսահմանվի ՀՀ օրհներգի պաշտոնական տարբերակ՝ Հայաստանում և միջազգային հարթակներում պաշտոնական և ներկայացուցչական տարաբնույթ միջոցառումների և օրենքով սահմանված այլ դեպքերի համար։ Նախատեսվում է նաև ՀՀ օրհներգի տեքստը վերադասավորել այնպես, որ այն ավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան» տողով:
Հիմնական զեկուցող, ԱԺ ԳԿՄԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ օրինագծի նպատակը ՀՀ խորհրդանիշներից մեկի` օրհներգի նկատմամբ միասնական մոտեցում ունենալն է:
«ՀՀ օրհներգ ասելով` հստակ հասկանանք, թե որն է ՀՀ օրհներգը, ինչ տեքստով, ինչ երաժշտությամբ և ինչ տևողությամբ ու նրբերանգներով այն պետք է լինի»,- նշել է նա:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ, նշել է, որ փոփոխությունն ամբողջությամբ համահունչ է պետության կողմից վարվող քաղաքականությանը: Գործող օրենքով պարտադիր է օրհներգի կատարումը դպրոցներում և բուհերում: Նախարարը նշել է՝ օրենսդրական փոփոխությամբ օրհներգի կատարումը պարտադիր կդառնա նաև նախադպրոցական և ՄԿՈւ հաստատություններում:
«Ներկայացրել ենք մի քանի առաջարկներ, որոնց մեծ մասն ընդունվել է: Առաջին ընթերցմամբ ներկայացվող նախագիծն արտացոլում է նաև Կառավարության առաջարկների ամփոփումը: Այս օրենսդրական փոփոխությունը մեզ համար ևս մեկ կարևոր հնարավորություն է պետական խորհրդանիշների հանդեպ վերաբերմունքի ընդգծմամբ շեշտել պետության հանդեպ վերաբերմունքը: Միասնական ստանդարտի սահմանումը համարում եմ հրատապ խնդիր: Օրենսդրական փոփոխություններից հետո նաև ենթաօրենսդրական ակտերն են վերանայվելու, որոնցից կարևորագույնը օրհներգի կատարման կարգն է»- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախագծով առաջարկվում է նաև ամրագրել օրհներգի հաստատված երաժշտական և տեքստի կարճ խմբագրությամբ տարբերակը` մարզական միջոցառումների ժամանակ հնչեցնելու համար:
ԱԺ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին։