Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:
Նորավանքի հոգևոր հովիվն օրհնել է համահայկական խաղերի մեկնարկը և մոմի կրակով վառել համահայկական խաղերի ջահը։ Այն փոխանցվել է Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին, Եվրոպայի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի բացարձակ գավաթակիր Վահագն Դավթյանին, ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի պատանիների չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանին, աշխարհի և Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Էմմա Պողոսյանին։
Տիտղոսակիր մարզիկները ջահով ուղևորվել են Ջերմուկ, որտեղ փետրվարի 1-7-ը կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից:
Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա փետրվարի 1-ին և կմեկնարկի ժամը 18:00-ին: