Իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում: Նախագիծը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 15-ի նիստում ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել նախադպրոցական կրթության ոլորտի մի շարք կարգավորումներ:

«Վերջին երեք տարիներին նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրման աշխատանքներ են իրականացվում և արդեն 500-ից ավելի մանկապարտեզներում նախադպրոցական կրթության չափորոշիչը ներդրվել է: Որոշ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել»,- ասել է նախարարի տեղակալը:

Առաջարկվում է օրենքում սահմանել «մենթոր մանկապարտեզ» հասկացությունը, որը մենթոր ուսումնական հաստատություններին և մենթորություն կատարող մասնագետներին վերապատրաստման աշխատանքներ իրականացնելու հնարավորություն կտա նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրման նպատակով:

Առաջարկվող այլ փոփոխությունները վերաբերում են լիցենզավորման գործընթացին, մանկավարժական աշխատողների թափուր տեղերի լրացմանը, մանկավարժների օգնականների վերապատրաստմանը, տրանսպորտային ծախսերի փոխհատուցմանը:

Նախագծով առաջարկվող մյուս փոփոխությունը վերաբերում է մանկապարտեզների տնօրեններին ներկայացվող պահանջներին. գործող կարգավորմամբ նրանք պետք է ունենան մանկավարժական ստաժ, առաջարկվում է սահմանել մանկավարժական կամ գիտամանկավարժական ստաժի պահանջ:

Առաջին ընթերցմամբ քննարկված նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա նիստերի ընթացքում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաև «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանի խոսքով՝ օրենսդրական փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության բնագավառում պատշաճ վերահսկողության իրականացման ապահովման անհրաժեշտությամբ:

Ակնկալվում է, որ կկարգավորվեն կրթության բնագավառում տեսչական մարմնի գործունեության հետ կապված իրավահարաբերությունները՝ ստեղծելով դրա բնականոն վերահսկողության համար անհրաժեշտ և բավարար իրավական նախադրյալներ:

Առաջարկվող փոփոխություններով տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնելու նաև բուհերի կրթական ծառայության իրականացման լիցենզիայի առկայության՝ լիցենզիայի պայմանների ու պահանջների նկատմամբ: Ըստ այդմ՝ տեսչական մարմնին վերապահվել է վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու հնարավորություն:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ, մասնավորապես՝ լիցենզավորման ոլորտի գործընթացին, արտադպրոցական կրթության մասով կարգավորումներին առնչվող հարցերի վերաբերյալ:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: