Կառավարության գործունեության կարևոր առաջնահերթություններից է երիտասարդներին ուղղված քաղաքականությունը, որի հիմքում երիտասարդների զարգացման, նրանց ինքնիրացման համար նպաստավոր պայմանների ու միջավայրի ձևավորումն է: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 15-ի նիստում ներկայացնելով «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք ունենալու անհրաժեշտությունը:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ նախաձեռնությամբ սահմանվում է պետական երիտասարդական քաղաքականությունը:

Նշվել է, որ օրենքի ընդունմամբ կբարձրանա երիտասարդության շրջանում պետական քաղաքականության դերակատարությունը, հնարավորություն կստեղծվի իրականացնել առավել արդյունավետ վարչարարություն, որի շնորհիվ երիտասարդության շրջանում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերն օրենսդրորեն ամրագրված կարգավորումների շրջանակում մասնակցություն կունենան վարվող քաղաքականությանը:

Օրենքով հստակեցվում են երիտասարդական քաղաքականության սուբյեկտները, սահմանվում են ոլորտի հիմնական դերակատարները, նրանց գործառույթները, լիազորություններն ու պարտավորությունները, ինչպես նաև ամրագրվում են երիտասարդական միացյալ մարմին ունենալու կարգավորումները, ապահովվում է օրենսդրական հիմք երիտասարդական աշխատողի համակարգի ներդրման և երիտասարդական կենտրոնների ձևավորման գործունեությունը համակարգող օրենսդրական կարգավորումների համար:

Արթուր Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ Կառավարության մինչև 2026 թվականի գործողությունների ծրագրով նախատեսվում է ունենալ 25 երիտասարդական կենտրոն: Նախարարի տեղակալի խոսքով՝ նախագծի վերաբերյալ անցկացվել են բազմաթիվ քննարկումներ՝ երիտասարդների, քաղհասարակության ներկայացուցիչների և միջազգային գործընկերների մասնակցությամբ:

«Երիտասարդական քաղաքականության մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի նիստում և ստացել է դրական եզրակացություն: