ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Մշակութային ժառանգության ասիական դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու նախագիծը:
Ներկայացրելով նախագիծը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ դաշինքը ստեղծվել է 2021 թվականին: Այն կամավոր մասնակցության, հավասարության, փոխադարձ հարգանքի և շահի սկզբունքների հիման վրա ասիական երկրների կողմից ստեղծված միջկառավարական համագործակցության մեխանիզմ է, որն ուղղված է մշակութային ժառանգության պահպանության ասիական նախաձեռնության իրականացմանը: Նպատակն է զարգացնել մշակութային ժառանգության պահպանման և օգտագործման կարողությունները, ինչպես նաև համակարգել մշակութային ժառանգության երկարաժամկետ պահպանությունն ամբողջ Ասիայում:
«Դաշինքը կոչված է աջակցելու համատեղ նախագծերի իրականացմանն Ասիայում մշակութային ժառանգության պահպանման և կառավարման ոլորտներում: Ակնկալվում է, որ Մշակութային ժառանգության ասիական դաշինքը նոր հարթակ կդառնա լավագույն փորձի փոխանակման համար, ինչպես նաև կնպաստի հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Նա նշել է, որ դաշինքի աշխատանքները կազմակերպվում են համաժողովների, ֆորումների և մշակութային ժառանգության ոլորտում տարբեր միջոցառումների տեսքով, մասնագիտական վերապատրաստման և կարողությունների զարգացմանն ուղղված համագործակցության խթանման միջոցով:
Նախագիծը ստացել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը: