ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստին, որն անցկացվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ:

Նիստի ընթացքում միջկառավարական հանձնաժողովի համանախագահները հանդես են եկել ելույթներով, այնուհետև ստորագրվել է փոխհամաձայնեցված արձանագրությունը, որտեղ ընդգրկվել են նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով համագործակցության կետեր:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին համաձայնագիր են ստորագրել ՀՀ-ում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին։ Նոր համաձայնագիրը, որով հստակեցվում են բուհի կառավարման, կրթագիտական ծրագրերի իրականացման հնարավորությունները փոխադարձության և փոխգործակցության հիմունքներով, ՀՀ օրենսդրության համաձայն պետք է անցնի վավերացման ներպետական ընթացակարգերը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարի տեղակալ Անդրեյ Կարնեևը ստորագրել են նաև Երևան քաղաքում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Ուսումնասպորտային համալիր» հիմնարկի գործունեության իրականացման պայմանների մասին համաձայնագիրը:

Նիստի ընթացքում Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարի տեղակալ Անդրեյ Կարնեևի հետ քննարկվել են նաև ՌԴ-ում հայկական դասագրքերի տպագրության և դաշնային ցանկում ներառելու հարցերը։