Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, այցելել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, որտեղ տեղի է ունեցել Շիրակի պետական համալսարանի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին օրվա առթիվ և նշել, որ Շիրակի պետական համալսարանի գործունեությունը շատ բարձր է գնահատվում: Ըստ վարչապետի՝ Շիրակում 1934 թվականին բուհի ձևավորումը եղել է նաև տնտեսական պահանջ։
«Ուզում եմ, որ այս և նման հոբելյանները օգտագործենք մեր մտքի նոր հարթակներ ստեղծելու, մեր հեռանկարի նոր ճանապարհներ տեսնելու համար»,- ասել է վարչապետը: Նա, բարձր գնահատելով բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքը և բուհերի անցած ճանապարհը, կարևորել է նաև վերափոխվելն ու միջազգայնորեն մրցունակ բուհեր ունենալը:
Ներկաներին ողջունել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով բուհի գործունեությունը։