Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել Բահրեյնում մեկնարկած աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգում՝ երկամարտում գրանցելով 205 կգ արդյունք (85+120 կգ):

Պոկում վարժությունում Ալեքսանդրան հաջող է կատարել առաջին մոտեցումը՝ գլխավերևում պահելով 85 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում Ալեքսանդրան 120 կգ արդյունքով դարձել է փոքր արծաթե մեդալակիր:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը, B խմբում հաղթելուց հետո, ընդհանուր հաշվարկում երկամարտի 280 կգ (130+150) արդյունքով գրավել է 7-րդ տեղը: A խմբի մասնակիցների ելույթներից հետո Չոլակյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում` 130 կգ արդյունքով: