Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլի տարեվերջյան մեծ մենահամերգը:
2024 թվականը Հայաստանի պարի պետականն ամփոփել է 19 պարային և գործիքային ստեղծագործություններից բաղկացած համերգային ծրագրով:
Հանդիսատեսին ներկայացվել են ինչպես անսամբլի այցեքարտը դարձած` Վանուշ Խանամիրյանի բեմադրությամբ «Բերդ», «Սարդարապատ», «Կակաչներ», «Ուզունդարա», «Կինտոներ», «Սրերով պար» և 66 տարիների ընթացքում սիրված ու սպասված պարային բեմադրությունները, այնպես էլ անսամբլի գլխավոր բալետմայստեր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանի բեմադրած ազգագրական պարերի շարանը, վերականգնված «Կապույտ երազ», «Հայաստան» և նոր բեմադրված «Համշենյան մտորումներ», «Ղայթարմա» պարային բեմադրությունները:
Համերգի ընթացքում Հայաստանի պարի պետական անսամբլը հանդիսատեսին ներկայացրել է անսամբլի գլխավոր բալետմայստեր Գագիկ Կարապետյանի ևս մեկ նոր` Կոմիտասի 155-ամյակին նվիրված «Սեր, հույս, հավատ» (երաժշտությունը` «Վաղարշապատի պար» և «Շուշիկի») պարային բեմադրության առաջին կատարումը: Նվագակցել է դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը:
Անսամբլի գլխավոր բալետմայստերն է Գագիկ Կարապետյանը, երաժշտական ղեկավար` Հայկ Գրիգորյան, փորձավար` Արմեն Գրիգորյան, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն` Արմեն Սարգսյան: