Բահրեյնի Թագավորության օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Ֆարիս Մուստաֆա Ալ-Քուհեջիի հրավերով Մանամայում գտնվող ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նախօրեին ներկա է եղել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին:

Կոնգրեսի ընթացքում ստորագրված փաստաթղթով ամրագրվել են Հայաստանի՝ 2027 թ. աշխարհի առաջնությունը կազմակերպելու իրավունքը, ինչպես նաև ԱԱ-ի ժամանակ երկկողմ պարտավորությունները: Կոնգրեսում նաև հաստատվել է՝ 2025 թվականի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունն անցկացվելու է Լիմայում, իսկ մեծահասակներինը՝ Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում: Մեծահասակների 2026 թ. ԱԱ-ն էլ ընդունելու է Չինաստանը:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդին, գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոյին, գործկոմի մյուս անդամներին Հայաստանին նման հնարավորություն ընձեռելու համար:

Նշվել է, որ, ըստ էության, Հայաստանը 2027-ին դառնալու է մարզական խոշոր կենտրոն, քանի որ բացի ծանրամարտի աշխարհի առաջնությունից Երևանում կանցկացվեն նաև Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային 10-րդ խաղերը, մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը և այլն:

Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունը վարկանիշային կլինի Լոս Անջելեսի 2028 թվականի Օլիմպիական խաղերի համար: