Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (16 կրթաթոշակային տեղ, որից մագիստրատուրա՝ 12, ասպիրանտուրա՝ 2, դոկտորանտուրա՝ 1, վերապատրաստում՝ 1): Նշված կրթաթոշակային որևէ տեղի համար դիմում-հայտեր չներկայացնելու կամ թափուր մնալու պարագայում կրթաթոշակային տեղերը կվերաբաշխվեն:
ՉԺՀ բուհերում մագիստրատուրայի և դոկտորանտուրայի կրթություն ստանալու համար դիմած թեկնածուները պետք է ստանան չինարենի իմացության քննության 4-րդ մակարդակի (HSK4) վկայական՝ անգլերենով չինարեն սովորելու համար հատկացված մեկ տարում։ Կրթաթոշակի թեկնածուներին պետք է ուսումնասիրեն ՉԺՀ տվյալ բուհերի պահանջները, ընտրեն մասնագիտությունը, նախօրոք կապ հաստատեն տվյալ բուհերի հետ՝ նախնական նամակ-հրավեր ստանալու նպատակով: ՉԺՀ տվյալ բուհից նամակ-հրավերի առկայությունը պարտադիր պայման է 2025-2026 ուստարում Չինաստանի կողմից տրամադրվող կրթաթոշակային ծրագրին մասնակցելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները, ավարտական կուրսում սովորողները, թեկնածուական և գիտահետազոտական աշխատություններ կատարող գիտնականները, վերջին 2 տարվա ընթացքում չինարենի, մշակույթի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալող ՀՀ քաղաքացիները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
- դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը (ձևերը կցվում են)
- չինական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
- նամակ հրավեր ՉԺՀ բուհից և/կամ ղեկավարից
- ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի և դիպլոմի հավելվածի (միջուկի), պատճենները` անգլերեն կամ չինարեն թարգմանված և նոտարական հաստատմամբ,
- բակալավրի և մագիստրոսի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` նոտարի կողմից անգլերեն կամ չինարեն թարգմանված և նոտարական հաստատմամբ,
- ինքնակենսագրություն (CV) /անգլերեն/,
- 2 երաշխավորական նամակ /անգլերեն կամ չինարեն/,
- անձնագրի պատճենը (չինական կողմից ներկայացված պահանջներին համապատասխան),
- բժշկական տեղեկանքներ` ըստ ներկայացվող ձևի ընդհանուր առողջության և ՁԻԱՀ/ՄԻԱՎ վերաբերյալ (անգլերենով՝ չինական կողմից ներկայացված պահանջներին համապատասխան),
- 3×4 չափի 4 գունավոր լուսանկար,
- արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
- Չինական կողմից պահանջվող այլ փաստաթղթեր և պայմաններ (ցանկը կցվում է):
Ասպիրանտական կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաև`
- ռեֆերատ՝ հայերեն (10 էջ),
- օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ` համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ:
Վերապատրաստման համար դիմորդները պետք է ներկայացնեն նաև`
- տեղեկանք աշխատանքի վայրից ,
- օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական,
- հրավեր ՉԺՀ բուհից:
Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 1 օրինակ պատճենի հետ միասին (1+1):
Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 26-ը ներառյալ՝ երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը՝ 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 311 սենյակ հեռ.; +374 10-59-96-46 +37410-59-96-44)։
Քննությունները տեղի կունենան 2025 թվականի հունվարի 2-ին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:
Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց (ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի N1205-Ն հրամանով հաստատված «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի (ինտերնատուրա, օրդինատուրա) և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) կարգ»-ի համաձայն):
Մրցույթի առաջին փուլը կանցկացվի՝
- Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:
- Հետբուհական կրթություն ստանալու համար մրցույթը կանցկացվի` համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N238-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի»:
Մրցույթի երկրորդ փուլն անցկացնում է մրցութային հանձնաժողովը, որի աշխատանքներին, առանց քվեարկելու իրավունքի, կարող են հրավիրվել կրթաթոշակ տրամադրող երկրի դեսպանության ներկայացուցիչներ, համապատասխան օտար լեզվի և տվյալ մասնագիտության գծով համապատասխան մասնագետներ: Հարցազրույցի փուլ են անցնում բոլոր այն դիմորդները, որոնք հաղթահարել են մրցույթի առաջին փուլը: Հարցազրույցի փուլն անցկացվում է մրցույթի առաջին փուլի արդյունքներն ամփոփելուց հետո: Յուրաքանչյուր դիմորդ իր մասով մրցույթի առաջին և երկրորդ փուլերի արդյունքների մասին կտեղեկացվի ԿԳՄՍ նախարարության կողմից էլեկտրոնային փոստի միջոցով՝ դիմորդի կողմից դիմում-հայտում նշված էլեկտրոնային հասցեին ուղղված նամակագրությամբ կամ բանավոր:
Հաշվի առնելով մրցույթի առաջին և երկրորդ փուլերի արդյունքները՝ որոշում է կայացվում մրցույթի հաղթողների վերաբերյալ: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված և ՉԺՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով ՉԺՀ բուհում հրամանագրված դիմորդները հանդիսանում են 2025-2026 ուստարվա Չինաստանի կողմից տրամադրվող կրթաթոշակային ծրագրի մասնակից:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ այցելելով www.campuschina.org կայքէջը:
Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ ՉԺՀ բյուջեի միջոցների հաշվին։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. +374 10-59-96-46; +37410-59-96-44)
Ծանոթություն. Արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները՝ կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N1394-ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N117-ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշումով:
Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում: