Կառավարության հավանությանն է արժանացել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը (հավաքական թիմերի մարզական կենտրոն) հանձնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ այն հավաքականների մարզումներին ծառայեցնելու նպատակով:
Ներկայում մարզահամալիրը գտնվում է մասնավորեցման գործընթացում: Այն ունի վարչական տարածք, ճաշարան, ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600քմ:
Մարզադահլիճներից մեկը չափերով համապատասխանում է գեղարվեստական մարմնամարզության միջազգային չափորոշիչներին, և այնտեղ տարիներ շարունակ ուսումնամարզական գործընթաց է իրականացրել գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մանկապատանեկան մարզադպրոցը: Մյուս մարզադահլիճը ծառայել է ըմբշամարտի, ձյուդոյի և բռնցքամարտի պարապմունքների համար:
Մարզահամալիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հանձնելուց հետո նախատեսվում է այն հիմնանորոգել և ստեղծել հավաքական թիմերի մարզման կենտրոն: Հաշվի առնելով ննջարանային մասնաշենքի և երկու մարզադահլիճների առկայությունը՝ մարզակառույցը կծառայի ուսումնամարզական հավաքների, ՀՀ առաջնությունների և այլ մրցաշարերի անցկացման համար:
Կառույցում կգործի նաև բժշկավերականգնողական կենտրոն: