Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Գործադիրը հավանություն է տվել առաջարկությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի աշխատակազմ:

Հարցը զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նա նշել է, որ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը պատգամավորական նախաձեռնություն է, որը շրջանառության է դրվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի և նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանի կողմից։

Որոշմամբ կարգավորվում են ՀՀ պետական օրհներգի, ինչպես նաև օրհներգի կատարման հետ կապված որոշ հարաբերություններ։ Մասնավորապես՝ կսահմանվի ՀՀ օրհներգի մեկ պաշտոնական տարբերակ Հայաստանում և միջազգային հարթակներում պաշտոնական և ներկայացուցչական տարաբնույթ միջոցառումների և օրենքով սահմանված այլ դեպքերի համար։

«Եթե գործող օրենքով պարտադիր է դրա կատարումը դպրոցներում և բուհերում, ապա նախատեսված փոփոխությամբ այն պարտադիր է դառնում նաև քոլեջներում և մանկապարտեզներում։ Եթե գործող օրենքով օրհներգի կատարումը պարտադիր էր մարզական պաշտոնական միջոցառումների բացման և փակման արարողությունների ժամանակ, ապա նոր փոփոխությամբ այն պարտադիր է դառնում նաև այդ ընթացքում տեղի ունեցող պարգևատրման արարողությունների ժամանակ»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Նրա խոսքով՝ որոշմամբ ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում վերոնշյալ օրենքի հավելվածի տեքստին և երաժշտությանը համապատասխան սահմանել ՀՀ օրհներգի կարճ խմբագրությամբ տարբերակ` հիմնականում մարզական, մշակութային միջոցառումների առանձնահատկություններով և եթերաժամանակի սահմանափակությամբ պայմանավորված մեկ միասնական ստանդարտի կիրառման համար: Դանիել Դանիելյանն ընդգծել է՝ լիազոր մարմինը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, կգործարկի իր ունեցած գործիքակազմը՝ օրհներգի նոր տարբերակի ստեղծումն ու տարածումն ապահովելու համար:

«Օրհներգի դինամիկա ստեղծելու նպատակով նախատեսվում է նաև փոփոխություն կատարել ՀՀ օրենքի տեքստում՝ այն վերաշարադրելով պետական քաղաքականության տրամաբանությամբ՝ արժևորելով պետությունը, ազատության փիլիսոփայությունը, Հայաստանի դրոշն ու պետականությունը, ինչպես նաև քաղաքացուն՝ փոխելով քառատողերի հաջորդականությունը։ Վերջին քառատողը դառնում է երկրորդ, երկրորդ և երրորդ քառատողերը՝ համապատասխանաբար երրորդ և չորրորդ: Օրհներգը եզրափակվում է հետևյալ ուղերձով՝ «Նայիր նրան երեք գույնով, նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»»,- եզրափակել է Դանիել Դանիելյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է որոշման ընդունումն ու նշել՝ այն շատ կարևոր օրենսդրական նախագիծ է: Վարչապետը կարևորել է նաև կրթական հաստատություններում և պետական միջոցառումներին օրհներգի կատարման ստանդարտի հաստատումը:

«Օրհներգը պետք է ունենա ստանդարտ: Այն պետական կարևորագույն խորհրդանիշ է, պետության ինստիտուտներից մեկը, և ստանդարտը տվյալ դեպքում նշանակում է նաև համապատասխան վերաբերմունք օրհներգի նկատմամբ: Կարծում եմ՝ շատ կարևոր մոտեցում է, որը պետականության ընկալման մեր զարգացման տրամաբանության մեջ է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Օրհներգը կտեղադրվի ՀՀ կառավարության կայքում և պաշտոնական մյուս հարթակներում՝ հանրային հասանելիություն ապահովելու նպատակով։