ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 16-ը Երևանում անցկացնում է Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը։
Փառատոնի հովանավորն է Երևանի քաղաքապետարանը, գործընկերը՝ «Խախամյան հերիթիջը»։
Փառատոնի բացման համերգը կայացել է նոյեմբերի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգը նվիրված էր ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 35-ամյակին՝ «Յուրաքանչյուր երեխայի համար․ իրավունքների և երազանքների սիմֆոնիա» խորագրով։
Փառատոնի վեց համերգի ընթացքում երաժշտասերները հնարավորություն կունենան վայելելու Խաչատրյանի, Շոստակովիչի, Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Դվորժակի, Բարբերի, Սըր Կառլ Ջենքինսի, Բրամսի, Բերգի, Լիստի և Շոպենի հայտնի ստեղծագործությունները: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան անվանի երաժիշտներ Լեյա Զուն (ջութակ), Կլարա-Ջումի Կանգը (ջութակ) և Սոֆի Քաուերը (թավջութակ)։ Մենահամերգով հանդես կգա իտալացի դաշնակահար Անտոնիո դի Կրիստոֆանոն։
Համերգները ղեկավարում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաև դիրիժորներ Մարկո Կրիսպոն (Իտալիա) և Մարկո Պարիսոտտոն (Կանադա)։
Նշենք նաև, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականից Եվրոպական փառատոների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ է։