ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով անցկացվել են վերջին մրցումները՝ բազկամարտ և շախմատ մարզաձևերից:
Դպրոցականների միջև բազկամարտի եզրափակիչ փուլի մրցումներն անցկացվել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դահլիճում: Հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ուժեղագույն մարզիկները:
Թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավել և հաղթողի կոչմանն արժանացել է Սյունիքի մարզի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է Երևանի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Կոտայքի մարզի թիմը։
Աղջիկների անհատական պայքարում 1-ին մրցանակային տեղեր են գրավել Անգելինա Մկրտչյանը (Սյունիքի մարզ), Անժելա Տերյանը (Կոտայքի մարզ), Սյուզաննա Մանուկյանը (Շիրակի մարզ) և Էլեն Հովհաննիսյանը (Երևան): Տղաների պայքարում 1-ին մրցանակային տեղեր են գրավել Դորիկ Այդինյանը (Տավուշի մարզ), Գագիկ Աթաջանյանը, Վահագն Իրիցյանը, Լյովա Անդրեասյանը (երեքն էլ՝ Սյունիքի մարզ), Սարգիս Մովսիսյանը (Կոտայքի մարզ) և Գեղամ Խաչատրյանը (Երևան)։
Մրցումների կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի աջակցությամբ:
Դպրոցականների միջև սպարտակիադայի ծրագրով շախմատի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներն անցկացվել են Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը:
Երկօրյա պայքարում թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրել է Շիրակի մարզի թիմը, 2-րդ տեղը գրավել է Երևանի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Կոտայքի մազի թիմը։
Սպարտակիադայի ծրագրով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան հավաստագրերով, մեդալներով, հուշանվերներով և գավաթներով:
Պարգևատրությունը կատարել են ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող Սուրեն Պռազյանը, ՀՀ վաստակավոր մարզիչ, բազկամարտի մրցումների գլխավոր մրցավար Արման Փիրոյանը, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի տնօրեն Նունե Վարդանյանը:
«ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադա» մարզական միջոցառումն անցկացվել է 8 մարզաձևից: