ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն Արմենպրես գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում անդրադարձել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին, որը նախօրեին հաստատվել է ՀՀ կառավարության կողմից և սահմանված կարգով կներկայացվի ԱԺ քննարկմանը:

Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ երիտասարդության ոլորտը կարգավորող մայր օրենք Հայաստանը երբեք չի ունեցել, և քննարկվող նախագիծն այս իմաստով առաջինն է:

Կսահմանվեն պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները

«Օրենքը մի շարք խնդիրներ է լուծելու. առաջինը լիազորող նորմի խնդիրն է՝ մենք իրականացնում ենք տարբեր երիտասարդական ծրագրեր, և լիազորող նորմերի խնդիր ունենք, իսկ օրենքը լրացնելու է այդ բացը: Օրենքի նախագիծը հստակ սահմանում է պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները: Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում նշված են, թե ինչ է ակնկալում պետությունը երիտասարդությունից ու երիտասարդական քաղաքականության ոլորտում, բայց կարևոր է, որ դա արդեն արվում է օրենքի մակարդակով: Օրենքը սահմանում է նաև հիմնական հասկացությունները, այդ թվում՝ երիտասարդ ընտանիք, երիտասարդական կենտրոն, երիտասարդական ծրագիր, երիտասարդական միջոցառում: Օրենքը սահմանում է երիտասարդական քաղաքականության ոլորտում լիազոր մարմնի՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, Կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, այսինքն՝ դերակատարների միջև բաշխում է լիազորությունները և փոխհարաբերության հիմունքները»:

Երիտասարդության շեմը է սահմանվել 13-35 տարեկանը

Փոխնախարարը տեղեկացրել է՝ երիտասարդության շեմը է սահմանվել 13-35 տարեկանը. «Ինչո՞ւ 13, որովհետև անձի զարգացման շատ կարևոր հանգամանքներ հենց այդ տարիքից են սկսվում, օրինակ՝ մասնագիտական կողմնորոշման խնդիրը և մի շարք այլ հանգամանքներ՝ ելնելով միջազգային դրական փորձից: Շեմը բարձրացրել ենք 35-ի՝ ժողովրդագրական պատկերից ելնելով՝ որպես ծերացող հասարակության հիմնական բնութագրիչները կրողի հասարակություն»,- ասել է Արթուր Մարտիրոսյանն ու տեղեկացրել՝ մասնակցային երկար գործընթաց է տեղի ունեցել, մասնավորապես՝ Երևանում և ՀՀ մարզերում կազմակերպվել են տարբեր քննարկումներ:

Երիտասարդների կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը միտված համակարգ

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, անդրադառնալով երիտասարդական պետական քաղաքականությանը, նշել է՝ այն միտված է երիտասարդների կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, սոցիալական և մշակութային հետաքրքրությունների բավարարմանը, երիտասարդության առջև ծառացած խնդիրների բարձրաձայնմանը և լուծումների շուրջ հանրային երկխոսության ձևավորմանը, որոշումների կայացման գործում երիտասարդների մասնակցայնության բարձրացմանը:

«Պետական երիտասարդական քաղաքականությունն ուղղված է ստեղծագործ, նախաձեռնող, մրցունակ և կարողունակ երիտասարդի ձևավորմանը, որի երաշխավորը պետք է լինեն կայուն պետությունն ու մրցունակ տնտեսությունը: Արդեն իսկ արվում են տարաբնույթ ծրագրեր՝ ուղղված երիտասարդների կարողությունների զարգացմանն ու ներուժի բացահայտմանը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Առանցքում մարզաբնակ երիտասարդներն են

Ըստ նախարարի տեղակալի՝ ոլորտում պետական քաղաքականությունն իրականացնելու առանցքում մարզաբնակ երիտասարդների համար առաջնային խնդիրը միջավայրի ձևավորումն է, որտեղ կբացահայտվի նրանց ներուժն, ու կզարգանան կարողությունները, կապահովվի ինտելեկտուալ ժամանց, կբարձրանա քաղաքացիական մասնակցությունը: Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ օրենքում առանձնացվել է «երիտասարդական ինքնակազմակերպված խմբեր» հասկացությունը. այդ խմբերը իրավական կարգավիճակ չունեն, բայց երիտասարդական քաղաքականության սուբյեկտներ են, ինչը կարևոր է այդ խմբերի կայացման գործում:

Մինչև 2026 թվականը 25 երիտասարդական կենտրոն

«Անցյալ տարի 4 կենտրոն է բացվել. մինչև 2026 թվականը 25 կենտրոն ենք ունենալու: Օրենքը հստակեցնում է, թե այդ կենտրոններն ինչպես են ստեղծվում՝ համայնքի, մասնավորի և պետության համագործակցությամբ, և ուղենշային կհանդիսանա շատ գործընկերների համար, որպեսզի նրանք ևս դիտարկեն առանձին կենտրոններ հիմնելու հնարավորությունը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Այս համատեքստում նա ընդգծել է՝ թեև քաղաքականության հիմքում բոլոր երիտասարդներն են, սակայն հիմնական թիրախում ֆորմալ կրթությունից և աշխատաշուկայից դուրս գտնվողներն են, նրանց համապատասխան կարողություններով և իրազեկվածությամբ զինելը, և յուրաքանչյուր կենտրոն նման խնդիրները լուծում է յուրովի:

«Պետությունը պետք է ապահովի երիտասարդների ձայնի լսելիությունը օրենսդրական ակտերի մշակումներում, կայացվող կարևոր որոշումներում, որպեսզի մասնակցային գործընթացներում երիտասարդները՝ որպես առանձին խումբ, շեշտադրվեն»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: