ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել 2023 թ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրում:

Մինչ այս օժանդակության ծրագրի շահառու էին հանդիսանում միայն 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները: Նոր փոփոխությամբ՝ 2020 թվականին տեղահանված մասնագետները ևս հնարավորություն կունենան համալրելու առկա թափուր հաստիքները՝ օգտվելով աջակցության ծրագրից:

2024 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ ծրագրի շահառու է հանդիսանում 404 ուսուցիչ, ուստի նոր շահառուների ավելացմամբ այլ մասնագետների ևս հնարավորություն կընձեռվի նախատեսված ծախսերի շրջանակում համալրելու մարզերի ուսումնական հաստատություններում առկա ուսուցչի թափուր տեղերը:

Նշենք, որ ծրագրի շահառու է հանդիսանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած և «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխանող այն անձը, որը ցանկություն ունի աշխատելու ՀՀ մարզերի բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Ըստ ծրագրի՝ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար 2 տարվա ընթացքում, իսկ որոշ մարզերում՝ Սյունիքի, Վայոց ձորի հանրակրթական ուսումնական հաստատություններում, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի որոշ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում 30 տոկոս հավելավճարից բացի կունենան նաև 50 հազար դրամ լրավճար:

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակով ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է հարթակ. մարզերի դպրոցների թափուր աշխատատեղերը հրապարակված են https://kadrer.emis.am համակարգում, որտեղ գրանցվելով՝ նրանք կարող են գործուղման հայտ ներկայացնել: