Հայ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Լեհաստանում ավարտին մոտեցող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Մրցումային նախավերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները 3 ոսկե մեդալ են նվաճել: Մինչև 20 տարեկանների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ), իսկ մինչև 23 տարեկանների պայքարում ոսկե մեդալակիրներ են դարձել Լիանա Գյուրջյանը (87 կգ) և Գարիկ Կարապետյանը (109 կգ)։
+87 կգ քաշայինների պայքարում Ավանեսյանը երկամարտում ցույց է տվել 235 կգ արդյունք (108+127 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ մարզուհին արժանացել է փոքր ոսկե մեդալներին:
Մ23 տարեկանների 87 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը ոսկե մեդալ է նվաճել՝ երկամարտում ցույց տալով 230 կգ արդյունք (100+130 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս Գյուրջյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 214 կգ (93+121 կգ) արդյունքով նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը երկամարտի 402 կգ արդյունքով (182+220 կգ) է նվաճել չեմպիոնի կոչումը: Պոկում և հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին: