Դուշանբե կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Տաջիկստանի մշակույթի նախարարի առաջին տեղակալ Օբիդ Նազարիոնի հետ։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Տաջիկստանում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սմբատ Հովհաննիսյանն ու ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր: Մասնավորապես՝ անդրադարձ է եղել համատեղ մշակույթի օրերի անցկացմանը, արվեստի ուղղություններով բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև փոխգործակցության զարգացմանը, Հայաստանի և Տաջիկստանի թանգարանների միջև համագործակցության խորացմանը, ինչպես նաև մշակութային տարբեր կառույցների՝ փորձի փոխանակման և կարողությունների զարգացման հնարավորություններին:
Տաջիկստանի մշակույթի նախարարի առաջին տեղակալը կարևորել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի հետ համագործակցության հնարավորությունը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, անդրադառնալով Հայաստանում ընթացող ոլորտային բարեփոխումներին, ներկայացրել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը՝ ընդգծելով, որ առաջնային են համարվում համընդհանուր ներառականության ապահովումը, մշակույթի և արվեստի հասանելիությունը, ստեղծարարության, փորձարարական ու նորարարական ձևերի խրախուսումը: Մշակույթի հանրահռչակման տեսանկյունից Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նաև ՀՀ կառավարության կողմից հոբելյանական միջոցառումների անցկացումը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է նաև, որ փոփոխություն է կատարվել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում, որի արդյունքում Հայաստանում արդեն իսկ կիրառվում է ներդրումների մասնակի վերադարձի (cash rebate) համակարգը։ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ մեծ հետաքրքրություն է առաջացել այս համակարգի շուրջ. արդեն իսկ կնքված հուշագրեր կան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է նաև Տաջիկստանի սպորտի և երիտասարդության խորհրդի՝ սպորտի գծով տեղակալ Մուհամադթոլիբ Շոքիլզոդայի հետ:
Կողմերը քննարկել են փոխհամագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը սպորտի բնագավառում, այդ թվում՝ համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպման, երկու երկրներում անցկացվող միջազգային մրցաշարերին մասնակցության, սպորտային մենեջմենթի և սպորտային բժշկության ոլորտում փորձի փոխանակման հնարավորությամբ: