Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է «Փոփոխվող կրթություն. համընդհանուր ներառականության մարտահրավերները» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը։

Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նա անդրադարձել է ոլորտի առաջնահերթություններին, իրականացվող քաղաքականությանն ու անելիքներին:

«Հայաստանը տարածաշրջանում համարվում է համընդհանուր ներառականության դրական փորձ ունեցող երկրներից մեկը, որտեղ շուրջ 20 տարի է՝ ներդրված է ներառական կրթության համակարգը: Այսօր ունենք մոտ 8800 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, որոնց մեծ մասը սովորում է ներառական կրթություն իրականացնող դպրոցներում, իսկ 500 երեխա՝ հատուկ դպրոցներում»,-ասել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում ներկայում գործում է 7 հատուկ դպրոց։

Նրա խոսքով՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն է տեղի ունեցել, ըստ որի՝ հատուկ դպրոցների վերակազմավորման գործընթաց է իրականացվելու․ հատուկ դպրոցների մեծ մասը վերափոխվելու է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների: Գլխավոր խնդիրներից մեկը տարանցիկ միջավայրի ապահովումն է, որը կօգնի նախապատրաստելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխային հաճախել իր բնակավայրում գործող դպրոց:

Նախարարի տեղակալն իրազեկել է, որ արդեն 2 տարի է՝ Յունիսեֆի աջակցությամբ Լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրը ռեսուրս կենտրոնի վերափոխելու պիլոտային ծրագիր է իրականացվում, և կան լավ արդյունքներ:

«Եվս մեկ պիլոտային ծրագիր ենք սկսել՝ հիմք ընդունելով միջազգային փորձը: Ծրագիրն իրականացվում է 3 դպրոցում՝ ռեսուրս սենյակների ձևաչափով: Դպրոցներում առանձնացված են տարածքներ, որոնցում ամենածանր խանգարումներ ունեցող երեխաները օրվա մի մասն անցկացնելու հնարավորություն են ունենում՝ ստանալով ծառայություններ: Այս սենյակները նախատեսված են միայն այն երեխաների համար, որոնք իրականում չեն կարողանում մի քանի ժամ մնալ դասարանում: Նրանց անհատական ուսումնական պլաններում պետք է հստակ ամրագրված լինի, թե որ դասերին են մասնակցում ընդհանուրի հետ և որոնց՝ առանձին: Ռիսկերը շատ են. պետք է ուշադիր լինել, որ երեխան չառանձնացվի և չմեկուսացվի այդ տարածքում: Եվ չնայած ռիսկերին՝ սա փորձ է՝ լավացնելու ներառական կրթության որակը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև նախադպրոցական ոլորտին, որտեղ, ըստ նրա, 3 տարի է՝ ներառական կրթություն է իրականացվում: «Այսօր նախադպրոցական տարիքի 1500 երեխա ընդգրկված է ներառական կրթության համակարգում, և ակնհայտ է, որ դա ամբողջական պատկերը չէ: Շատ անելիքներ կան երեխաներին հայտնաբերելու, ճիշտ ուղղորդելու, ծնողների հետ աշխատելու, դպրոցական ուսուցմանը նախապատրաստելու ուղղությամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ևս ներդրվել է ներառական կրթություն, բայց Արաքսիա Սվաջյանի գնահատմամբ՝ այստեղ ընթացակարգերն այլ են. «Պետք է մտածենք միկրոորակավորումների տրամադրման, ծառայությունների մատուցման ձևաչափերի, ինչպես նաև անհատական ուսուցման պլանների լրացման և այլ ընթացակարգերի մշակման մասին՝ հաշվի առնելով մասնագիտական կրթության առանձնահատկությունները: Հատկապես շատ ենք կարևորում մասնագիտական դաշտից ստացվող ուղերձները, որոնք կուղղորդեն նշյալ հարցերին ճիշտ պատասխաններ գտնել»:

Արաքսիա Սվաջյանը հաջողություն է մաղթել գիտաժողովի մասնակիցներին և նշել, որ արձանագրված փաստահեն տվյալները կնպաստեն ոլորտի քաղաքականության մշակման լավարկմանը:

Գիտաժողովի ընթացքում քննարկվելու են ներառական կրթության և բազմազանության, հավասարության, տարբերության գաղափարների, լավագույն փորձի և հետազոտական արդյունքների փոխանակման վերջին զարգացումների և նորարարությունների վերաբերյալ տեսական և գործնական տարաբնույթ հարցեր՝ տարբեր երկրների գիտնականների, ուսանողների, առաջնորդների, հատուկ կրթության ոլորտի մասնագետների համախմբման միջոցով։