Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունում:

Բրոնզե մեդալի համար պայքարում Ասլանյանը գոտեմարտել է Բուլղարիայի ներկայացուցիչ Աբու Մուսլիմ Ամաևի հետ և ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել: Գոտեմարտը 30 վայրկյան է տևել:

Կարեն Ասլանյանն առաջին մեդալն է նվաճել մեծահասակների աշխարհի առաջնություններում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երրորդ տեղը:

Ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունում մեդալ նվաճելուն մոտ է եղել նաև Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մելիքյանը: 72 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մելիքյանը մրցել է Սերբիայի ներկայացուցիչ Ալի Ֆեյզոլահ Արսալանի հետ և համառ պայքարում զիջել 14:16 հաշվով:

Հայկ Մելիքյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8:0 հաշվով առավելության էր հասել Ղազախստանի ներկայացուցիչ Մեիրժան Շերմախանբետի նկատմամբ: Մելիքյանը 1/8 եզրափակչում 2:10 հաշվով զիջել էր Ֆրանսիան ներկայացնող Իբրահիմ Մահմուդ Հասան Ղանեմին. վերջինս դուրս էր եկել եզրափակիչ, և հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու ու բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը ևս գոտեմարտել է բրոնզե մեդալի համար, սակայն 5:7 հաշվով զիջել է ռուսաստանցի Էմին Սեֆերշաևին:

Մանվել Խաչատրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 7:4 հաշվով հաղթել էր թուրք Օմեր Հալիս Ռեչեփին: Քառորդ եզրափակչում Խաչատրյանը հավասար պայքարում 1:1 հաշվով զիջել էր Իրանի ներկայացուցիչ Պոյա Դադ Մարզին:

Տիրանայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն անմասն են մնացել մեդալներից: