ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2025 թվականի պետական բյուջեի քննարկումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության 2025 թ. բյուջետային հայտը։
2025 թվականի պետական բյուջեի նախագծով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների համար նախատեսված հատկացումները կազմում են 362․6 մլրդ դրամ, ինչը 4․7 տոկոսով գերազանցում է 2024 թվականի հատկացումները:
Ընդ որում՝ նշված ցուցանիշը 2023 թ. համեմատ արդեն իսկ 38 %-ով ավելի էր, ինչը նշանակում է՝ այս ոլորտին ուղղվող ծախսերի շարունակական աճի միտումը պահպանվում է և հնարավորություն է տալիս ավելի մեծ թափով իրականացնելու տարբեր ուղղություններով մեկնարկած բարեփոխումները:
Ընթացքի մեջ են 223 դպրոցի կառուցման, հիմնանորոգման աշխատանքները․ սա ավելին է, քան նախորդ 25 տարում կատարվածը
Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով կրթության ոլորտում իրականացվող աշխատանքները, տեղեկացրել է, որ կապիտալ ծախսերի համար նախատեսված միջոցներն ուղղվելու են մի քանի խոշոր ծրագրերի:
«Մենք շարունակում ենք իրականացնել ՀՀ կառավարության 300 դպրոցների և 500 մանկապարտեզների ծրագիրը: 1991-2017 թթ. ընթացքում ՀՀ-ում 192 դպրոց է կառուցվել. ընդ որում՝ դրանց մեծ մասը՝ երկրաշարժից հետո աղետի գոտում: 2021-2024 թթ. մեկնարկել է դպրոցաշինության խոշոր ծրագիր, և այժմ ընթացքի մեջ են 223 դպրոցի կառուցման, հիմնանորոգման կամ նորոգման աշխատանքները: Ծավալների ահռելի է աճ է արձանագրվել՝ միայն վերջին 3 տարում աշխատանքների ծավալն ավելին է, քան նախորդ ավելի քան 25 տարիների ընթացքում, ինչը, բնականաբար, լուրջ կարողությունների զարգացման և այս ծրագրերի շարունակական որակական բարելավման խնդիր է դնում։ Կատարված աշխատանքը նաև ցույց է տալիս Կառավարության հետևողական քաղաքականությունը՝ շենքային և գույքային առումով ունենալ մեկ միասնական ստանդարտ, որպեսզի մեր երեխաները երկրի ցանկացած բնակավայրում դպրոց և մանկապարտեզ հաճախելու համար ունենան նույն պայմանները, որոնք որակյալ կրթություն իրականացնելու հնարավորություն են ընձեռում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
183 դպրոցի համար կառուցվում է նոր շենք
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ նորոգման և կառուցման փուլում գտնվող վերոնշյալ 223 դպրոցից 183-ի համար կառուցվում են նոր շենքեր: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ շեշտը դրվում է ոչ թե վերակառուցման գործընթացի, այլ նոր շենքերի կառուցման վրա, որոնք ամբողջությամբ համապատասխանում են սեյսմակայունության և ներառական միջավայրի համար սահմանված չափանիշներին: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ շինարարական աշխատանքներն ավարտվել են 35 դպրոցում:
Սովորողների 25%-ը կհաճախի բարեկարգված դպրոցներ
Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ բարեկարգված դպրոցներում սովորում է շուրջ 72000 աշակերտ, որոնց թիվը կհասնի շուրջ 100 հազարի, երբ դպրոցների ցանկը ծրագրի իրականացման ավարտին հասնի 300-ի՝ ապահովելով հանրապետության սովորողների 25%-ի համար բարեկարգ և ժամանակակից պայմաններում սովորելու հնարավորություն: Ընդ որում՝ մի շարք գյուղական բնակավայրերում կկիրառվի կլաստերային/կրթահամալիրային մոտեցում, ինչը կնպաստի և´ կրթության որակի, և´ կառավարման արդյունավետության բարձրացմանը։
500 մանկապարտեզների ծրագրով հաստատվել է 364 հաստատությունների ցանկը
Անդրադառնալով 500 մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման ծրագրին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ՀՀ կառավարությունը հաստատել է ծրագրում ընդգրկված 364 նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկը, որոնցից 157-ում, որոնցում հաճախում է շուրջ 14,500 երեխա, աշխատանքներն ավարտվել են, իսկ 207-ում շինարարական աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: Այդ նախադպրոցական ուսումնական հաստատությունների շահառու է հանդիսանում 20,800 երեխա:
Քարտեզագրվել են նախադպրոցական ծառայություն չունեցող բնակավայրերը
«Ցանկում ներառված են ինչպես առանձին գործող մանկապարտեզները, այնպես էլ դպրոցներում գործող նախակրթարանները և կրթահամալիրների մանկապարտեզների մասնաշենքերը: Քարտեզագրվել են դեռևս նախադպրոցական ծառայություն չունեցող բնակավայրերը, քանի որ ՀՀ կառավարության կարևոր թիրախներից է բոլոր բնակավայրերի համար նախադպրոցական ծառայության հասանելիության ապահովումը: 244 բնակավայրում դեռևս խնդիր ունենք»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ այդ բնակավայրերը դասակարգվել են:
Այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների մոդել
Բոլոր այն բնակավայրերում, որոնցում ապրում են մինչև 10 նախադպրոցական տարիքի երեխաներ, նախատեսվում է այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների մոդելի կիրառում կամ տրանսպորտային ծառայության ապահովում՝ հարևան բնակավայրում գործող մանկապարտեզ հաճախելու համար։ Նշված տարիքի 10-50 երեխա ունեցող բնակավայրերում նախատեսվում է ներդնել նախակրթարաններ, իսկ 50-ից ավելի երեխաներ ունեցող 14 բնակավայրերում կկառուցվեն մանկապարտեզներ:
Բնագիտական լաբորատորիաներ՝ 648 դպրոցում
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ բարեփոխումների մյուս փուլը վերաբերում է մինչև 2026 թ. հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ժամանակակից բնագիտական լաբորատորիաներ ստեղծմանը: Մինչև տարեվերջ պետական դպրոցների շուրջ կեսը՝ 648-ը, համալրված կլինեն ուսումնաօժանդակ նյութերով, սարքավորումներով, ենթակառուցվածքներով և նոր լաբորատորիաներով։
Այս տարի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի դպրոցների մեծ մասը, ինչպես նաև Երևանում և ՀՀ մարզերում գտնվող նոր կառուցված կամ վերակառուցված 461 դպրոց, որոնցից 28-ը նոր կառուցվող են, ապահովվել են լաբորատոր սարքավորումներով: Նոր լաբորատոր սարքավորումներով ապահովված են նաև Տավուշի մարզի բոլոր 80 դպրոցները և 107 ավագ դպրոցները:
2026թ. նախատեսվում է լաբորատորիաներով համալրել Արարատի, Կոտայքի ու Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի և Երևանի մնացած դպրոցները:
Ակադեմիական քաղաք
Ժաննա Անդրեասյանն իր զեկույցում անդրադարձել է նաև ՀՀ կառավարության խոշորածավալ մյուս ծրագրին՝ ակադեմիական քաղաքի կառուցմանը, որի համար 2025 թվականի պետական բյուջեում առանձնացվել է առանձին բյուջետային ծրագիր: «Մեծ թափով շարունակելու ենք ծրագրի իրականացումը. այս տարի արդեն իսկ ավարտել ենք ակադեմիական քաղաքի հայեցակարգի գլխավոր հատակագծի մշակումը: 2025 թվականին հաստատման կներկայացվի ամբողջական գլխավոր հատակագիծը՝ տեղական օրենսդրությանը համապատասխան: Մեկնարկել են նաև քաղաքաշինական զարգացման ուսումնասիրության, ակադեմիական քաղաքի կառավարման մոդելի, տրանսպորտային նախագծի մշակման աշխատանքները միջազգային հեղինակավոր գործընկերների հետ կնքված պայմանագրերով: 2024 թվականից ընթանում է նաև որոշ կլաստերների շուրջ բովանդակային աշխատանքների փուլը, ինչի համար բանակցություններ ենք վարել խոշորացման կամ խոշոր և բարդ ենթակառուցվածքների կառավարման փորձ ունեցող աշխարհի առաջատար համալսարանների հետ, որպեսզի դրանք համակարգեն բովանդակային քննարկումները և աջակցեն կլաստերների կառուցվածքի, կառավարման համակարգերի, ինչպես նաև աշխատակազմի վերապատրաստման ու կրթական ծրագրերի բովանդակության վերանայման ուղղություններով: Արդեն իսկ ունենք կնքված պայմանագիր Մյունխենի տեխնիկական համալսարանի հետ. Լոնդոնի արվեստի համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ բանակցություններն ամփոփիչ փուլում են, և դրանք արդեն ներգրավված են աշխատանքներում: Բանակցություններ ենք վարում նաև իսպանական և հարավկորեական հեղինակավոր համալսարանների հետ, որոնք նույնպես կմիանան աշխատանքներին՝ աջակցելու բովանդակային բարեփոխումների ընդհանուր գործընթացին»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ակադեմիական քաղաքի վերաբերյալ կարգավորումներն ամրագրվել են նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծում, որը հասանելի է հանրային հարթակներում և առաջիկայում կներկայացվի ԱԺ:
Նախարարն անդրադարձել է նաև դասագրքերի, հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման, ուսուցիչների մասնագիտական զարգացման՝ կամավոր ատեստավորման ծրագրերին և այլ հարցերի:
Բյուջետային քննարկումներն ԱԺ-ում շարունակվում են: