Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:

Մրցույթն անցկացվում է ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հուլիսի 15-ի N 27-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգի» պահանջներին համապատասխան:

Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական և համայնքային կազմակերպություններ, ինչպես նաև իրենց կանոնադրությամբ ամրագրված կրթության ոլորտում վերապատրաստումների իրավունք և փորձ ունեցող հիմնադրամներ, ընկերություններ, հասարակական, միջազգային կազմակերպություններ, որոնք ունեն`

  • վերապատրաստման գործընթացն անխափան կազմակերպելու համար սեփականության կամ անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածք` առնվազն 1 ուսումնական խմբի (մինչև 30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքների անցկացման համար,
  • վերապատրաստման չափորոշչի և ծրագրի բովանդակությանը համապատասխան մոդուլ, ուսումնանյութական բազա, կահավորանք, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (այսուհետ՝ ՏՀՏ) միջոցներ, սարքավորումներ,
  • բարձրագույն մասնագիտական համապատասխան կրթություն (ըստ ծրագրի բաժինների) ունեցող վերապատրաստող մասնագետներ («Նախադպրոցական կրթության բնագավառի օրենսդրություն» բաժնի մասնագետի համապատասխան մասնագիտական կրթությունը պարտադիր պայման չէ),
  • նախադպրոցական կրթության բնագավառում ղեկավար կամ մանկավարժական աշխատողների պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում վերջին 5 տարում առնվազն 2 տարվա փորձ ունեցող առնվազն 80 % վերապատրաստող մասնագետներ:

Վերապատրաստում իրականացելու համար կազմակերպությունը պետք է ներկայացնի համապատասխան հայտ /ձևանմուշը կցվում է/:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները պետք է մինչև 2024 թվականի հոկտեմբերի 31-ը դիմեն ԿԳՄՍ նախարարաություն՝ հայտն ուղարկելով secretariat@escs.am էլ. փոստին:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչություն, հեռ.՝ 010-599619: