Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոլանդական «Ֆլենտրոպ» երգեհոնի հիմնանորոգումից հետո կայացել է առաջին համերգը։
Ծրագիրը ֆինանսավորվել է ԿԳՄՍ նախարարության կողմից և իրականացվել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան հետ համագործակցությամբ։
Համերգը կայացել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երկրորդ միջազգային փառատոնի շրջանակում․ ելույթ է ունեցել հոլանդացի երգեհոնահար Յոխեմ Շուրմանը։
Համերգին ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ «Տարեցտարի աճում են պետական հատկացումները մշակութային կառույցները որակյալ գործիքներով ապահովելու և պատշաճ միջավայր ստեղծելու ուղղությամբ։ Սա այդ շարքի հերթական ծրագրերից է, որի իրականացումը կարևոր է նաև արտասահմանյան վերականգնող մասնագետների փորձի փոխանցման առումով։ Ծրագրի արդյունավետ իրականացումը նաև լավ օրինակ է Հայաստանում տարբեր ոլորտների ռեստավրացիոն դպրոցը կայացնելու և զարգացնելու ճանապարհին։ Վերանորոգման ընթացքում փառատոնն անցկացվել է նաև մարզերում՝ Կապանում, Չարենցավանում, առաջիկայում նաև Գյումրիում, ինչը մշակույթի ապակենտրոնացման տեսանկյունից չափազանց կարևոր է»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը և շնորհակալություն հայտնել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատանը աջակցության և համագործակցության համար։
Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային միջազգային փառատոնը կշարունակվի մինչև նոյեմբերի 6-ը։