ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները հոկտեմբերի 23-25-ը կմասնակցեն կարողությունների զարգացման եռօրյա դասընթացի, որը կազմակերպվել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության և «ՓԻ-ԷՅՉ ինթերնեշնլ» («Փրոջեքթ հարմոնի») կազմակերպության համագործակցությամբ:

Եռօրյա դասընթացն անցկացվում է Երևանում, մասնակցում են 21 աշակերտներ ՀՀ տարբեր մարզերից և մայրաքաղաքից:

Դասընթացի մեկնարկին ընդառաջ մասնակիցների հետ հանդիպել և նրանց ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով աշակերտական խորհրդի դերը կրթության բարեփոխումների արդյունավետության համատեքստում:

«Ձեզ հետ շփվելը մեզ համար շատ կարևոր է դպրոցներում իրականացվող ծրագրերի ու բարեփոխումների արդյունավետության վերաբերյալ ձեր կարծիքը լսելու, փոփոխությունների վերաբերյալ ձեր ձայնն ու դիրքորոշումները հաշվի առնելու տեսանկյունից: Անչափ կարևոր է հասկանալ՝ ձեր կարծիքով ստեղծված պայմանները որքանո՞վ կօգնեն որակյալ կրթություն ստանալուն»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ դիմելով դասընթացի մասնակիցներին:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Հանրակրթության նոր չափորոշչին՝ նշելով, որ դրա գլխավոր բաղադրիչներից մեկը կարողունակություններով զինված, քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող շրջանավարտների թողարկումն է. «Կարողունակությունները ձեզ կօգնեն կողմնորոշվել՝ հասարակության մեջ ինչ դեր եք ուզում ունենալ, ինչ նպատակներ եք դնում ձեր առաջ, ինչ լուծումներ կարող եք գտնել, ինչպես և որտեղ եք կիրառելու գիտելիքն ու հմտությունը: Դասերի կազմակերպումը, արտադասարանական միջոցառումների կազմակերպումը պետք է ուղղված լինեն հաջողակ, ինքնուրույն, նախաձեռնող, բարձր իրավագիտակցություն ունեցող քաղաքացու ձևավորմանը: Վստահ եմ՝ այդ դեպքում շատ ու շատ խնդիրներ, որ այսօր ունենք, վաղը չենք ունենալու»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել աշակերտներին ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդում ընդգրկվելու քաջության և իրենց ձայնը բարձրացնելու պատրաստակամության համար: Նա կազմակերպիչներին և աշակերտներին մաղթել է հետաքրքիր և հագեցած դասընթաց՝ կոչ անելով ստացած գիտելիքներով կիսվել նաև դասընկերների հետ:

Աշակերտներին ողջունել է նաև «Փրոջեքթ Հարմոնի Հայաստանի» ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը:

Կարողությունների զարգացման դասընթացի ավարտին մասնակիցներին տրվելու են հավաստագրեր: