ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության «ԴեաԼոԳ» ծրագրի ղեկավար Շեյն Քուինի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ հարցեր:

Նախարարի տեղակալը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթության բարեփոխումների շրջանակում, ի թիվս միջազգային տարբեր ընկերությունների, արդյունավետ համագործակցություն է հաստատել «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման ու տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» («ԴեաԼոԳ») ծրագրի հետ, որը ֆինանսավորվում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության կողմից:

Համագործակցության շրջանակում 10 գործընկեր համայնքներում գործող 34 դպրոցների հետ 10-ից ավելի ուղղություններով դպրոց-համայնք կապի ամրապնդման նպատակով իրականացվել են տարաբնույթ ծրագրեր, որոնք վերաբերել են դպրոցի կառավարմանը, արտադպրոցական և քաղաքացիական կրթություններին, ենթակառուցվածքների համատեղ օգտագործմանը, բուլինգին, գենդերային հավասարությանը, հակաճգնաժամային միջոցառումներին, շրջակա միջավայրի պահպանությունը և այլ թեմաների։

Քննարկվել են կրթության կառավարմանն առնչվող, մասնավորապես տարբեր մակարդակներում դերերի և պարտականությունների վերանայմանը վերաբերող մի շարք հարցեր՝ այս համատեքստում կարևորելով միջազգային առաջավոր փորձը: