Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ, ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վարչապետին ներկայացրել է Երերույքի 4-5-րդ դարերի տաճարի ամրակայման ու պահպանման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 495 մլն դրամ է: Աշխատանքներն իրականացվում են փուլային՝ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում: Ծրագրի առաջին փուլի բյուջեն կազմում է 175,000 դոլար, աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերի 30-ից:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Շիրակի մարզում իրականացվող կրթական և մարզական հաստատությունների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներին։

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները: 2023թ. պետական բյուջեից հատկացվել է 223 մլն դրամ: Փաստացի ծախսվել է շուրջ 187 մլն դրամ: Մանկապարտեզը նախատեսված է 140 երեխայի համար:

Արթիկում Վարչապետին ներկայացվել են նաև «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 793 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը:

Մարզային այցի շրջանակում Կառավարության ղեկավարը ծանոթացել է Հոռոմ բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 184 մլն դրամ է: Ծրագիրն իրականացվում է Կառավարության, համայնքի և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։ Ծրագրի իրականացման արդյունքում կկառուցվի 75 երեխաների համար նախատեսված մանկապարտեզ։

Նիկոլ Փաշինյանին նաև ներկայացվել են Կառնուտի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները, որոնք իրականացվել են երկու փուլով: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում ներդրվել է 259 մլն դրամ, որից 181 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Միաժամանակ, մարզպետի աշխատակազմին հատկացվել է 16 մլն դրամ՝ մանկապարտեզի համար գույք և տեխնիկա ձեռք բերելու համար։ Արդյունքում` կառուցվել է երկու հարկանի մանկապարտեզի շենք՝ 300քմ մակերեսով։ Նոր մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար։ Նշվել է, որ մինչ այս Կառնուտում մանկապարտեզ երբևէ չի գործել:

Մարզում Կառավարության ղեկավարը ծանոթացել է Բերդաշենի միջնակարգ դպրոցի շենքի կառուցման ընթացքին: Ծրագրի ընդհանուր արժեքը 717 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը: Դպրոցը նախատեսված կլինի 100 աշակերտի համար:

Աշխատանքային այցի շրջանակում Վարչապետը ծանոթացել է նաև «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքներին և առկա խնդիրներին: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 6 մլրդ 796 մլն դրամ է: Ծրագրի արդյունքում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխանող նոր սպորտային համալիր, որը ներառում է սպորտային, ինչպես նաև լողավազանի և հյուրանոցի մասնաշենքեր: Վարչապետը պատասխանատուներին տվել է հանձնարարականներ՝ առկա խնդիրների լուծման, շինաշխատանքների որակյալ և ժամանակին իրականացման վերաբերյալ: