«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն այս տարի ևս իրականացնում է «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» համաեվրոպական ստեղծագործական մրցույթը։

Հրավիրում ենք շնորհալի հայ երիտասարդներին համաեվրոպական հարթակում արժանիորեն ներկայացնելու ազգային ժառանգությունը։ Մրցույթին կարող են մասնակցել 18 տարին չլրացած պատանիներ՝ 2-5 հոգանոց խմբերով, հետևյալ տարիքային խմբերում՝ 6-11 տարեկան (2013-2018 թթ․ ծնված երեխաներ), 11-17 տարեկան (2007-2013 թթ․ ծնված պատանիներ):

2024 թ. Եվրոպական ժառանգության օրերը կանցնեն «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո: Ինչպիսի՞ պատմական, առևտրային, մշակութային ուղիներով է շաղկապված Հայաստանի և Եվրոպայի ժառանգությունը, ինչպե՞ս են այս կապերը ձևավորել Եվրոպայի ընդհանուր պատմությունը. մասնակիցները պետք է վերոնշյալ հարցերի շուրջ ներկայացնեն պատմություններ մեր ընդհանուր ժառանգության մասին:

Հաղթողները կստանան պարգևներ ինչպես ազգային, այնպես էլ եվրոպական մակարդակներում: 11-17 տարիքային խմբի համաեվրոպական մրցույթի հաղթողները 2025 թվականին կհրավիրվեն Ստրասբուրգ։

2024-2025 թթ․ մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 31-ը հետևյալ հղումով՝ https://forms.gle/E16XKgQXjL345hz56։

Հայաստանյան ստեղծագործական փուլը կտևի 01․11․2024 – 28․12․2024 թթ․։

21 հոգուց բաղկացած ազգային ժյուրին մրցույթը կամփոփի 2025 թ․ հունվարի 28-ին, որից հետո ազգային հաղթողը կներկայացվի եվրոպական ժյուրիի դատին։ 2025 թ․ մարտին կհայտարարվեն համաեվրոպական մրցույթի հաղթողները, որոնք նույն տարում կմեկնեն Ստրասբուրգ։

Այս տարի մրցույթին մասնակցում են հետևյալ երկրները՝ Հայաստան, Ֆինլանդիա, Իռլանդիա, Իտալիա, Հյուսիսային Մակեդոնիա, Մոնտենեգրո, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Պորտուգալիա, Լեհաստան, Ուկրաինա։

Նշենք, որ Աբովյան քաղաքը ներկայացնող «ՀԱՅելիցներ» խումբը, որը հաղթել էր 2023-2024 թթ․ մրցույթում, օրերս է վերադարձել Փարիզ-Ստրասբուրգ ճամփորդությունից։ Այս խմբի երիտասարդները ներգրավված կլինեն այս տարվա մրցույթում՝ որպես խորհրդատուներ՝ կիսելու իրենց փորձը նոր խմբերի հետ։

2024 թ․ Հայաստանի և Եվրոպայի հաղթողներին կարող եք տեսնել հետևյալ հղումներով՝ https://www.europeanheritagedays.com/node/427776

https://tinyurl.com/9yhex4ta

Մանրամասների համար դիմել ԳԱԹ գիտացուցադրական, հանրահռչակման և մարքեթինգի բաժին՝ հեռ. (010) 54-34-63: