ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը, որի կազմում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, այցելել է Ղազախստանի «Աստանա հաբ» միջազգային կենտրոն:

ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության անդամներին դիմավորել են Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարար Ժասլան Մադիևը և «Աստանա հաբ» կենտրոնի գլխավոր տնօրեն Մագջան Մադիևը:

ՀՀ պատվիրակության անդամները ծանոթացել են տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում ղազախական կողմի փորձառությանը և գործունեությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են զարգացման ռազմավարությանն ու ապագա նպատակներին առնչվող հարցեր:

Այցի ավարտին Հայաստանի «Թումո» ստեղծարար կենտրոնի և Ղազախստանի «Աստանա հաբ» միջազգային կենտրոնի միջև ստորագրվել է հուշագիր, որով կողմերն իրենց մտադրությունն են հայտնում խորացնել կրթության, նորարարական տեխնոլոգիաների և ստեղծարար արդյունաբերության ոլորտների համագործակցությունը:

Հուշագիրը ստորագրել են «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների զարգացման գլխավոր տնօրեն Բեկոր Փափազյանը և «Աստանա հաբ» կորպորատիվ հիմնադրամի գլխավոր տնօրեն Մագջան Մադիևը: