ԿԳՄՍ նախարարությունում հոկտեմբերի 18-ին կամփոփվեն «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները:

2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար պայքարում են Աբովյան, Ալավերդի, Ապարան, Մարտունի և Նոյեմբերյան քաղաքները։

Ամենամյա մրցույթի նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, խթանել ՏԻՄ-երի կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի ծավալների մեծացումը, խրախուսել համայնքային մակարդակում երիտասարդական աշխատանքի ձևավորումն ու զարգացումը, երիտասարդական նորարարական գաղափարների կյանքի կոչումը և այլն։

Յուրաքանչյուր տարի մրցույթի կազմակերպման և անցկացման աշխատանքների իրականացման համար ստեղծվում են մրցութային հանձնաժողով և փորձագիտական գնահատման խումբ:

Սեպտեմբերի ամսին իրականացվել են փորձագիտական գնահատման խմբի անդամների այցելություններ հայտատու քաղաքներ, որտեղ նրանք հանդիպումներ են ունեցել համայնքների ղեկավարների, համայնքապետարանների աշխատակազմերի, կրթական հաստատությունների ղեկավարների հետ, ծանոթացել տեղի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և երիտասարդական ակտիվ խմբերի հետ՝ ուսումնասիրելով նրանց ներգրավվածության աստիճանը տեղական ինքնակառավարման մարմիններում: Որպես պայման՝ դիտարկվել են համայնքների մարզական, մշակութային, ժամանցային, հանգստի կազմակերպման հաստատությունների ներուժն ու հնարավորությունները, ինչպես նաև ընթացիկ և նախատեսվող երիտասարդական ծրագրերը:

Փորձագիտական այցերին հետևել է SMS քվեարկության փուլը։ Այն իրականացվել է ՀՀ բնակչության շրջանում սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 10-ը, որի ընթացքում նույն հեռախոսահամարից հնարավորություն է տրվել ուղարկել առավելագույնը 5 SMS հաղորդագրություն:

Համաձայն մրցույթի կանոնակարգի՝ մրցույթի արդյունքներն ամփոփում և հաստատում է մրցութային հանձնաժողովը՝ փորձագիտական գնահատման երկու բաղադրիչների (համայնքի կարողությունների և քաղաքների՝ հայտով ներկայացրած ծրագրի փորձագիտական գնահատում) և SMS քվեարկության արդյունքների համադրությամբ։

Այսպիսով, փորձագիտական խմբի գնահատմամբ և SMS քվեարկությամբ մրցույթում առավելագույն միավոր հավաքած համայնքը կհռչակվի 2025 թ. Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք, որի անունը կհրապարակվի մրցութային հանձնաժողովի ընդլայնված կազմով ամփոփիչ նիստում: