ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ու Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին և 15-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացումը:

Բալետային ներկայացումն իրականացվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների և հայ-ֆրանսիական միջմշակութային երկխոսության շրջանակում:

Առաջին անգամ Հայաստանում Ֆրանսիայի «Բալետ Պրելժոկաժ»-ի երիտասարդական բալետային խումբը Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հետ հանդես կգա «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացմամբ:

Ներկայացումը պարարվեստի լեզվով ներկայացնում է Սերգեյ Փարաջանովի կյանքի և գործունեության տարիները` բանտարկությունը, անազատության մեջ ստեղծագործելու ընթացքը, աշխարահռչակ ճանաչում վայելող «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները», «Սատանա», «Աշիկ քերիբ», «Մահը» ֆիլմերի ստեղծման ժամանակահատվածները:

Հայկական, եվրոպական, դասական և ժամանակակից պարաձևերի խառնուրդը և լիբրետոյի հիմքում դրված ազատատենչության համար մղվող պայքարի գաղափարը կտեղափոխեն հանդիսատեսին փարաջանովյան անծայրածիր աշխարհ:

Բեմադրող ռեժիսոր և խորեոգրաֆ` ՀՀ վաստակավոր արտիստ, Շվեդիայի թագավորական բալետի նախկին առաջատար արտիստ Արսեն Մեհրաբյան: