ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ սկսում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման նոր ծրագիրը՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար։

Ծրագրի նպատակն է ուժեղացնել կրթության կառավարիչների ինստիտուտը՝ զարգացնելով հանրակրթական հաստատությունների տնօրենների առաջնորդության և ռազմավարական պլանավորման հմտություններն ու արդյունավետ կառավարման գիտելիքները:

«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի մեկնարկի միջոցառմանն այսօր մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Կարևորելով նոր մեկնարկող վերապատրաստման ծրագիրը՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ 2023 թվականից պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել է կառավարման նոր համակարգ, որի շրջանակում փոփոխվել է տնօրենների նշանակման կարգը, ինչպես նաև վերանայվել են տնօրենի պաշտոնական գործառույթները։ Տնօրենին վերապահվել է կրթության բովանդակության գործառույթը, իսկ տնտեսական խնդիրների կարգավորումը փոխանցվել է վարչական համակարգողին:

Նրա խոսքով՝ 2024 թվականին դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդների կողմից փորձաքննության ներկայացված 745 զարգացման ծրագրերից միայն 86-ն է դրական եզրակացություն ստացել: Ծրագրի փորձաքննության դրական եզրակացությունից հետո հավակնորդները ներկայանում են հարցազրույցի, որտեղ նույնպես վիճակագրությունը մտահոգիչ է. 100 հարցազրույցից 39-ն է ավարտվել նվազագույն շեմի հաղթահարմամբ:

«Այս ծրագիրը շատ կարևոր է մեզ համար, քանի որ ունենալու ենք վերապատրաստված տնօրեններ, որոնք համապատասխանելու են կրթության զարգացման տեսլականով սահմանված չափանիշներին: Դրանք անիրատեսական չեն և կրթության բովանդակությանը, կառավարմանը, մասնագիտական զարգացմանն աջակցելու և մի շարք այլ ուղղություններով միջին պահանջներ են»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ ծրագրի ընթացը և ստացված արձագանքները ցույց են տալու՝ այս ձևաչափն արդյոք կիրառակա՞ն է, թե՞ վերանայելու կարիք կա:

Նա նաև շնորհակալություն է հայտնել գործընկերներին պետության քաղաքականության իրագործմանն աջակցելու համար:

Յոթամսյա վերապատրաստումների ընթացքում ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան, մանկավարժական ու կառավարման արդիական գիտելիքներին զուգահեռ, հմտանալ կրթական ծրագրի մշակման ու որակի գնահատման ուղղությամբ։ Իսկ վերապատրաստման ծրագրի ավարտին մասնակիցները պետք է ներկայացնեն հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագիր:

«Որակյալ կրթության հասանելիությունը կայուն և բարգավաճ հասարակության հիմքն է, որը հատկապես կարևոր է գյուղական բնակավայրերում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը կօգնի զարգացնելու լավ կառավարվող կրթական համակարգ՝ հարմարեցված, մասնավորապես, երեխաների, երիտասարդության և աշխատաշուկայի կարիքներին,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը և հավելել,- ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջնահերթություն է տալիս տվյալահեն որոշումների կայացմանը, երեխաների և երիտասարդության բովանդակալից ներգրավվածությանը: ԵՄ-ի հետ համատեղ մեր ընդհանուր նպատակն ավելին է, քան կրթական որակի բարելավումը. խոսքը փոփոխություն բերող ուժեղ սերունդ դաստիարակելու մասին է: ՅՈՒՆԻՍԵֆ-ը հանձնառու է աջակցելու ՀՀ ջանքերին՝ արդիականացնելու իր կրթական համակարգը՝ բոլոր երեխաների և երիտասարդների համար ներառական որակյալ կրթություն ապահովելու նպատակով»:

Ծրագիրն իրականացվելու է երկու խմբով՝ յուրաքանչյուրում 30-ական մասնակից և անցկացվելու է հիբրիդային՝ առկա և առցանց հանդիպումների ձևաչափերով: Տնօրենի պաշտոնին հավակնողների համար վերապատրաստման կրթական ծրագիրը մշակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի գործընկերության արդյունքում և կանցկացվի հիմնադրամի մասնագետների կողմից:

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, դիմելով մասնակիցներին, նշել է. «Ծայրահեղ պատասխանատվությամբ ենք վերաբերվում այս ծրագրին: Մեր նպատակն է, որ բոլորդ դառնաք միջազգային մակարդակի կրթության կառավարիչներ: Նախապես ուսումնասիրել ենք առաջավոր միջազգային փորձը, որն ուզում ենք հասանելի դարձնել այս դասընթացի արդյունքում: Մենք միավորել ենք «Այբ» համակարգում կառավարման փորձը, դրան ավելացրել ենք աշխարհում կուտակված այն գիտելիքը, որ կա կրթության կառավարման ոլորտում։ Այդ փորձը պետք է դարձնել մերը, իսկ տնօրեններին՝ դրա կրողն ու շարունակողը․ դա է այս ծրագրի նպատակը։ Մենք ցանկանում ենք, որ ծրագրի մասնակիցները դառնան միջազգային մակարդակի կրթության կառավարիչներ և ոչ մի բանով չենք իջեցնելու այդ նշաձողը»:

Ակնկալվում է, որ տնօրենների կարողությունների զարգացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն կոնկրետ կրթական հաստատության, այլև ամբողջ համակարգի վրա ու նաև կամրապնդի համագործակցային մշակույթը հանրակրթական հաստատությունների կառավարման գործընթացում: Առաջադեմ ու նորարար գործիքակազմը խթան կհանդիսանա՝ նախաձեռնելու և իրագործելու այնպիսի փոփոխություններ, որոնց կարիքն այսօր կա դպրոցներում: