Հոկտեմբերի 4-ին և 5-ին Ֆրանսիայի Վիլեր Կոտրե և Փարիզ քաղաքներում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակում Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է նաև մշակութային տաղավարով:
Ֆրանկոֆոնիայի ավանի հայկական տաղավար է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Տաղավար են այցելել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Նրանք ծանոթացել են ցուցադրության ընթացքին, այցելուների տպավորություններին և դիտումների դինամիկային։
Տաղավարի բովանդակային ձևավորումն իրականացրել է Մշակույթի զարգացման հիմնադրամը՝ «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ: Հայկական տաղավարի ձևավորմանն աջակցել են նաև Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը և «Տերյան» մշակութային կենտրոնը:
Հաշվի առնելով գագաթաժողովի՝ «Նորարար տեխնոլոգիաներ և ստեղծարարություն» խորագիրը, Ֆրանկոֆոնիայի ավանի հայկական տաղավարում ներկայացվում է Հայաստանի մշակութային ժառանգությունը 3D սկանավորման միջոցով: Հպման էկրաններով և վիրտուալ իրականության սաղավարտներով ընդգծվում է «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքը՝ իբրև եզակի կրթական և նորարարական կազմակերպություն, որն իր գործունեությունն է ծավալում նաև Փարիզում, Լիոնում և Մարսելում՝ ինովացիոն աշխարհում խորհրդանշելով Հայաստանի և ֆրանկոֆոն համայնքի միջև համագործակցության ոգին:
Այս եզակի՝ 3D սկանավորված ժառանգության ցուցահանդեսը՝ 3D, touchscreen և VR կրիչներով ու ձևաչափերով, ծանոթացնում է «ԹՈՒՄՈ»-ի ուսանողների ստեղծած 3D սկանավորված մոդելների շարքին՝ թվային վերակառուցումներով և սկանավորման գործընթացի կենդանի ցուցադրումներով առ այն, թե ինչպես է տեխնոլոգիան մանրամասնում առարկաները և վերականգնում ճարտարապետությունը։ Տեսանյութը ներկայացվում է հայերեն և ֆրանսերեն լեզուներով:
Գագաթաժողովի ընթացքում հոկտեմբերի 5-ին Ֆրանկոֆոնիայի ավանի Salle 200 համերգասրահում ֆրանսահայ «Երազ» համույթը կցուցադրի հատվածներ Ազնավուրին և Հայաստանին նվիրված պարային ներկայացումից: Տաղավարում ցուցադրվել է նաև Ազնավուրին նվիրված ֆրանսահայ նկարիչ Ռոժե Կասպարյանի ֆոտոցուցահանդեսը:
Ֆրանկոֆոնիայի ավանի Հայաստանի տաղավարը ձևավորված է թեմատիկ պաստառներով, հպման էկրաններով և վիրտուալ իրականության սաղավարտներով:
Տաղավարի հյուրերը հնարավորություն ունեն նաև համտեսելու հայկական քաղցրավենիքներ: