Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական ​​մանկավարժական համալսարանում շարունակվում է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարը, որի բացման միջոցառմանը մասնակիցներին ողջունել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով կրթության ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղություններն ու նոր ծրագրերը:

Համաժողովի աշխատանքները շարունակվել են պլենար քննարկումների ձևաչափով, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին ու կարևորել նմանօրինակ հարթակի հնարավորությունը՝ ոլորտային հարցերի և խնդիրների քննարկման առումով:

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է Հայաստանում կրթության նոր չափանիշները, դրանցով սահմանված հիմնական նպատակներն ու վերջնարդյունքները:

«Հայաստաննի Հանրապետությունն այժմ կրթության ոլորտում էական բարեփոխումների փուլում է, որոնց նպատակն է ապահովել ավելի որակյալ և հասանելի կրթություն՝ բոլոր մակարդակներում։ Կրթական ոլորտի զարգացման ուղղություններն արտացոլված են 2022 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ​​ծրագրի մասին» օրենքում։ Ըստ այդմ՝ կրթության բոլոր մակարդակներում բարեփոխման և կրթության որակի բարձրացման ծրագրերն իրականացվում են մի քանի ուղղություններով՝ կրթության բովանդակության բարելավում, ուսուցիչների մասնագիտական ​​զարգացման խթանում և խրախուսման մեխանիզմների կիրառում, կրթության մատչելիության ապահովում, ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի բարելավում»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նա տեղեկացրել է՝ կրթության բովանդակության բարելավման նպատակով հաստատվել է հանրակրթության պետական նոր ​​չափորոշիչը, որը 2021-2022 ուսումնական տարվանից փորձնական ներդրվել է Տավուշի մարզի դպրոցներում։

«Նոր չափորոշիչը հիմնված է կոմպետենցիաների վրա և ունի երեք բաղադրիչ՝ պետական, դպրոցական և անհատական, ինչը թույլ է տալիս յուրաքանչյուր դպրոցի մշակել իր ուսումնական ծրագիրը՝ սահմանված առաջնահերթություններին համապատասխան: Աշակերտները կարող են նաև սովորել խորացված առարկաներ կամ մասնակցել խմբակների՝ ըստ իրենց հետաքրքրությունների»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նրա խոսքով՝ անհատական ​​բաղադրիչը ներառում է նախագծային ուսուցման կազմակերպումը, որը նպաստում է սովորողների հետազոտական, քննադատական ​​և ստեղծագործական կարողությունների զարգացմանը։ Այս տարեսկզբին հրապարակվել է Համաշխարհային բանկի զեկույցը, համաձայն որի՝ նոր չափորոշչով սովորողների մոտ երկու տարվա ընթացքում կրթության դինամիկայի 6 ամսվա աճ է գրանցվել:

«Անցած ուսումնական տարվանից հանրապետության բոլոր դպրոցներում սկսվել է նոր չափորոշիչի ներդրման գործընթացը, որը կավարտվի 2026 թվականին։ Չափորոշչի ներդրումը ենթադրում է ոչ միայն կրթության բովանդակության և դասավանդման մեթոդների փոփոխություն, այլև գնահատման համակարգի ամբողջական վերափոխում՝ ներառյալ բնութագրական գնահատումը և տարրական դպրոցում միավորային գնահատումից հրաժարումը: Ցածր առաջադիմություն ունեցող սովորողների համար նոր չափորոշչի ներդրման շրջանակում դպրոցներն ապահովում են երկարօրյա ծառայություն, որի միջոցով երեխաները կարող են լրացուցիչ պարապմունքների մասնակցել այն առարկայից, որից ունեն ցածր առաջադիմություն:

Չափորոշչի ներդրման մեկ այլ կարևոր ուղղություններից են նոր դասագրքերի ստեղծումն ու փորձաքննությունը, որոնք սկսվել են 2022 թվականից: Գործընթացին աջակցելու համար ներդրվել է մենթոր դպրոցների համակարգը»,- իր զեկույցում նշել է նախարարի տեղակալը:

Բովանդակային ուղղությամբ բարեփոխումներից Արաքսիա Սվաջյանն առանձնացրել է նաև նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշիչը, որով սահմանվում են երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույն պահանջները, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը:

Հանրակրթության ոլորտում բարեփոխումների հաջորդ կարևոր ուղղությունը, Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ, ուսուցիչների մասնագիտական ​​զարգացման խթանմանն ու խրախուսման մեխանիզմների կիրառմանն ուղղված նոր ծրագրերն են, որոնք առկա են ինչպես նախադպրոցական, այնպես էլ դպրոցական համակարգերում:

«Այդ ծրագրերից մեկը կամավոր ատեստավորման համակարգի ներդրումն է, որն ուսուցիչներին հնարավորություն է տալիս կամավոր հիմունքներով ատեստավորում անցնելու առարկայական գիտելիքներից և ունենալու աշխատավարձի բարձրացում՝ ընդհուպ մինչև եռապատիկի չափով՝ կախված ատեստավորման արդյունքից: Համաձայն հանրակրթության մասին օրենքի՝ դպրոցներում աշխատող բոլոր ուսուցիչները պետք է պարբերաբար անցնեն վերապատրաստում և պարտադիր ատեստավորում։ Այս տարվանից այս համակարգում փոփոխություններ են տեղի ունեցել, սահմանվել է, որ ուսուցիչների վերապատրաստումն իրականացվելու է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

Նա ներկայացրել է նաև դպրոցների կառավարման համակարգի փոփոխությունները, ըստ որի՝ բովանդակային և վարչական բաղադրիչները բաշխվել են դպրոցի տնօրենի ու վարչական համակարգողի միջև: Կառավարման նոր համակարգի ներդրմանը զուգահեռ ներդրվել է դպրոցի տնօրենի ընտրության նոր գործընթաց։ Թեկնածուները ներկայացնում են զարգացման ծրագիր, որն ենթարկվում է փորձաքննության: Թեկնածուն ծրագրի փորձաքննության դրական արդյունքի դեպքում մասնակցում է ԿԳՄՍ նախարարի հետ հարցազրույցին:

«Հանրակրթության ոլորտում բարեփոխումների մեկ այլ ուղղություն են կրթության մատչելիության ապահովմանը, բոլոր երեխաների համար որակյալ և հասանելի կրթության հնարավորությունների ստեղծելմանը միտված ծրագրերը։ Մասնավորապես ներդրվել է համընդհանուր ներառական կրթության համակարգ, որը թույլ է տալիս յուրաքանչյուր երեխայի՝ անկախ իր զարգացման մակարդակից, մտավոր, լեզվական կամ սոցիալական հնարավորություններից, ստանալ որակյալ կրթություն իր բնակության վայրի դպրոցում կամ մանկապարտեզում։ Աշխատանքներ են տարվում նաև բոլոր բնակավայրերում նախադպրոցական կրթության հասանելիությունն ապահովելու ուղղությամբ։

Հանրակրթության ոլորտում բարեփոխումների մեկ այլ կարևոր ուղղություն է ենթակառուցվածքների բարելավման և ուսումնական հաստատությունների նոր սարքավորումներով լիարժեք հագեցման ծրագիրը, որն այս փուլում ընդգրկում է 300 դպրոց և 500 մանկապարտեզ։ Միջնակարգ դպրոցների նյութատեխնիկական աջակցության հարցում մեծ ուշադրություն է դարձվում բնական, մաթեմատիկական և ինժեներական ոլորտներում ժամանակակից չափանիշներին համապատասխան լաբորատորիաների ստեղծմանը»,- տեղեկացրել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև մասնագիտական ​​կրթության ոլորտում ընթացքող բարեփոխումները՝ առանձնացնելով վերջերս ընդունված «Մասնագիտական ​​կրթության և ուսուցման մասին» նոր օրենքը, որը նոր կանոնակարգեր է մտցնում ինչպես կրթության բովանդակության վերանայման, այնպես էլ ուսումնական գործընթացի կազմակերպման առումով: Նոր օրենքով նախատեսվում է մասնավորապես դուալ կրթության ներդրում և մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնում։

ԱՊՀ գործադիր կոմիտեի կրթության և գիտության, հումանիտար համագործակցության, ընդհանուր քաղաքական և սոցիալական խնդիրների վարչության պետի խորհրդական Գալինա Կազակը փոխանցել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևի ուղերձը համաժողովի մասնակիցներին։
Գալինա Կազակն ընդգծել է, որ 14 տարիների ընթացքում համաժողովը շարունակում է մնալ հեղինակավոր հարթակ մանկավարժական նվաճումները ներկայացնելու և կրթական հետագա համագործակցության հեռանկարները բացահայտելու տեսանկյունից։

«Համագումարի նպատակներն ու խնդիրները համապատասխանում են hամագործակցության ռազմավարական փաստաթղթերում ամրագրված խնդիրներին, որտեղ ընդգծված է ընդհանուր հանրակրթական տարածքը պահպանելու և զարգացնելու կարևորությունը։ Խորհրդանշական է, որ համագումարն անցկացվում է ուսուցիչների միջազգային օրվան ընդառաջ, որը կոչված է գնահատելու ուսուցչի անգնահատելի ներդրումը հասարակության զարգացման գործում»,-նշել է Գալինա Կազակն ու հույս հայտնել, որ կծավալվի պրոֆեսիոնալ երկխոսություն կրթության բովանդակության հարցերի, դրա որակի, գնահատականների, ներառական կրթության և այլ հարցերի շուրջ։

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանն իր խոսքում նշել է, որ բուհը բաց է միջազգային համագործակցության համար կրթության, գիտության, դաստիարակության, մշակույթի ոլորտներում՝ բարձր գնահատելով ինչպես մեր երկրի, այնպես էլ օտարերկրյա բուհերի հետ գործընկերությունը «Ներկայիս մանկավարժական բարձրագույն կրթության խնդիրն ապագա ուսուցչի մասնագիտական անհատականության ձևավորումն է, որն ունակ կլինի արդյունավետ ինքնադրսևորվել մասնագիտության մեջ դա կախված է մեր համատեղ աշխատանքից»,-նշել է ռեկտորն ու վստահեցրել, որ միայն միասնական և ներդաշնակ աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել նոր բարձունքների համալսարանական կրթության ոլորտում:

Համագումարի շրջանակում մասնակից պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարները ևս հանդես են եկել ելույթներով, շնորհակալություն հայտնել ընդունելության և արդյունավետ քննարկումների հնարավորության համար:

Համագումարի ընթացքում ԱՊՀ անդամ երկրների ուսուցիչները և կրթական ոլորտի աշխատողները պարգևատրվել են «ԱՊՀ կրթության գերազանցություն» կրծքանշանով: Պարգևատրումն իրականացրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը:

Համաժողովի աշխատանքները շարունակվել են մասնաճյուղերում՝ դասընթացների, քննարկումների, վարպետաց դասերի ձևաչափով։

Աշխատանքային օրն ամփոփվել է կրթության ոլորտում ինովացիոն և տեխնոլոգիական նորարարությունների վերաբերյալ կազմակերպված ցուցահանդեսով:

ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարն անցկացվում է հոկտեմբերի 3-4-ը: Համաժողովին մասնակցում է ԱՊՀ 7 պետությունների շուրջ 120-140 ներկայացուցիչ: