Հայաստանի ազգային գրադարանում այսօր տեղի է ունեցել «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողովի բացումը, որին հաջորդել է «Խիզախ նոր աշխարհ» խորագրով լիագումար նիստը՝ նվիրված գիտելիքի և տեղեկատվության ստեղծման, իրացման, տարածման գործում արհեստական բանականության մարտահրավերներին։ Երկօրյա գիտաժողովը նվիրված է Հայաստանի ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 105-ամյակին։

Գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Ողջունելով մասնակիցներին և հյուրերին՝ նախարարի տեղակալը նշել է, որ այս գիտաժողովը կոչված է վեր հանելու գրական ժառանգության պահպանության և զարգացման նոր ուղիները. «Նախարարությունը կարևորում և մշտապես քաջալերում է միջմշակութային երկխոսությունը և գործնական նոր կապերի հաստատումը։ Պետությունը կարևորում է գրադարանների և գրադարանային գործունեության դերը հայ հասարակության կյանքում և մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ոլորտի զարգացումը»:

Գրադարանների հիմնական գործառույթներից մեկը կրթության հասանելիության ապահովումն է

Այս համատեքստում Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրել է, որ կատարվում են շարունակական աշխատանքներ գրադարանների վերազինման, կապիտալ արդիականացման և օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ:

«Օրերս ԱԺ հերթական նիստում ընդունվել է «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը, որը հնարավորություն է տալիս գրադարաններին զբաղվել նաև տնտեսական և ձեռնարկատիրական գործունեությամբ: Մենք մշտապես վերազինում ենք գրադարանները, թարմացնում համակարգչային ֆոնդը, այլ սարքավորումներ ձեռքբերում, ինչպես նաև իրականացնում կապիտալ ներդրում, ինչը լինելու է շարունակական: Մեր ուշադրության կենտրոնում են նաև կրթական ծրագրերը, քանի որ գրադարանների հիմնական գործառույթներից մեկը կրթության հասանելիության ապահովումն է: Մեծ ուշադրություն ենք դարձնում ներառականության ապահովմանը, ինչի ուղղությամբ մշակում ենք համապատասխան ծրագրեր: Ընդամենը 2-րդ տարին է, որ գրադարանը իրականացնում է այս միջոցառումը, և տեսնելով մասնակիցների թիվը և հետաքրքրվածության աստիճանը՝ վստահ եմ, որ այն կրելու է շարունակական բնույթ: Համոզված եմ, որ այս գիտաժողովի ընթացքում կայանալիք քննարկումները կլինեն հետաքրքիր և օգտակար, իսկ գիտաժողովի մթնոլորտը` նպաստավոր նոր գաղափարների առաջացման համար»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը և բոլորին մաղթել բեղմնավոր և արդյունավետ աշխատանք:

Հայաստանի ազգային գրադարանն ավելին է, քան պարզապես գրքերի շտեմարանը

«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողովը միտված է միավորելու ոլորտի առաջատար և երիտասարդ մասնագետներին ամբողջ աշխարհից՝ դառնալով հարթակ գրադարանային, թանգարանային, արխիվային, հրատարակչական և հարակից ոլորտների միջազգային փորձի փոխանակման, արդի խնդիրների քննարկման, նորարարությունների ներկայացման, ինչպես նաև միջազգային ձևաչափերի, կառավարման համակարգերի, տեխնոլոգիաների ներդրման փորձառության համար։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը: Նրա տեղեկացմամբ՝ 1919 թ. հուլիսի 4-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության պետական-հանրային մատենադարանի մասին» ՀՀ օրենքով պետական-մատենադարան-գրադարանը դրվեց ՀՀ հանրային կրթության և արվեստի մինիստրության իրավազորության ներքո։

Թվային դարաշրջանում գրադարանների դերը փոխակերպվել է

«Հայաստանի ազգային գրադարանն ավելին է, քան պարզապես գրքերի շտեմարանը: Գրադարանը մեր ժողովրդի ձգտումները, պայքարն ու հաղթանակներն արտացոլող կենդանի, շնչող հաստատություն է, որը հիմնադրման օրվանից անցել է պատմության փորձությունները, եղել է Առաջին Հանրապետության ծագման և անկման, պատերազմների ու շփոթի, արդիականության մարտահրավերների ականատեսը՝ միշտ մնալով գիտելիքը պահպանելու և տարածելու իր առաքելության մեջ աննկուն: Անցած 105 տարվա ընթացքում Հայաստանի ազգային գրադարանը մեծ ձեռքբերումներ ու նվաճումներ է ունեցել, որոնք էապես նպաստել են դրա՝ որպես առաջատար մշակութային հաստատության կայացմանը: Թվային դարաշրջանում գրադարանների դերը փոխակերպվել է, և Ազգային գրադարանը այս վերափոխումն ընդունել է մեծ պատասխանատվությամբ: Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ Հայաստանի ազգային գրադարանը կանգնած է նոր հնարավորությունների շեմին. այն դառնում է հետազոտությունների կենտրոն՝ խթանելով համագործակցությունն ու մտավոր փոխանակումն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում: Հայաստանի ազգային գրադարանը, երկու տարի առաջ մեկնարկելով «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» գիտաժողովների շարքը, ևս մեկ անգամ հաստատեց հավատարմությունն իր առաքելությանը և ռազմավարությանը, այն է՝ կարևորել ժառանգության պահպանման առանցքային դերը կայուն զարգացման խթանման և հավաքական ապագայի հարստացման գործում»,- ասել է Աննա Չուլյանը:

Գիտաժողովին մասնակցում է 20 երկրի 64 կազմակերպության շուրջ 100 մասնագետ

Նշենք, որ գիտաժողովը միտված է միավորելու ոլորտի առաջատար և երիտասարդ մասնագետներին ամբողջ աշխարհից՝ դառնալով հարթակ գրադարանային, թանգարանային, արխիվային, հրատարակչական և հարակից ոլորտների միջազգային փորձի փոխանակման, արդի խնդիրների քննարկման, նորարարությունների ներկայացման, ինչպես նաև միջազգային ձևաչափերի, կառավարման համակարգերի, տեխնոլոգիաների ներդրման փորձառության համար։

Այս տարի գիտաժողովին մասնակցում է աշխարհի 20 երկրի 64 կազմակերպության շուրջ 100 մասնագետ։

Գիտաժողովի աշխատանքն ընդգրկում է հետևյալ ուղղությունները՝ հայկական և ազգային ժառանգության պահպանում և հանրահռչակում, թվային բովանդակության կառավարում, մասնագիտական զարգացում և կառավարում, ընթերցանության խթանում, մատենագիտություն և այլն:

Գիտաժողովի շրջանակում Հայաստանում կանցկացվի Եվրասիայի գրադարանային ասամբլեայի համաժողով-նիստը։