ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ԵՄ աջակցությամբ տեղի է ունեցել «Մոդել Հայաստան» կրթական սիմուլյացիոն խաղ-միջոցառումը, որը կազմակերպվել է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարադության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը:

«Մոդել Հայաստան» կրթական սիմուլյացիոն խաղի նպատակն է զարգացնել երիտասարդների՝ ՀՀ հանրային կառավարման համակարգի իմացությունը, առաջնորդության կարողությունները, քաղաքացիական պատասխանատվության զգացումը և քննադատական մտածողությունը։ Այն հնարավորություն է ընձեռում խաղի մասնակիցներին դերերի և հստակ նպատակների ստանձնման միջոցով պատկերացում կազմելու տվյալ դերակատարի նշանակության և գործառույթների վերաբերյալ։

«Մոդել Հայաստան» կրթական ծրագրի շրջանակում ՀՀ 6 մարզում՝ Տավուշ, Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Արմավիր, Սյունիք, կազմակերպվել են սիմուլյացիոն խաղեր, որոնց մասնակցել է 181 երիտասարդ։

Այն ուղղված է երիտասարդական քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և նախաձեռնություններին, երիտասարդական ոլորտի աշխատողներին, ինչպես նաև երիտասարդ առաջնորդներին և մենթորներին, քաղաքական գործիչներին, ինֆլուենսերներին, վիդեոբլոգերներին, փոդքասթերներին, տեղական և ազգային մակարդակներում որոշում կայացնողներին:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍՆ երիտասարադության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանն ընդգծել է, որ Կառավարությունը կարևորում է երիտասարդական ոլորտը և պատրաստ է ստեղծելու իրավական միջավայր և ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ: «Երիտասարդական պետական քաղաքականությունն ուղղված է հանրային կյանքին և պետականաշինությանը երիտասարդության մասնակցության խրախուսմանը, նրանց ներուժի բացահայտմանը, սոցիալականացման, ինքնիրացման, ներգրավման ու զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծմանը և մեխանիզմների խթանմանը` միտված ՀՀ ազգային անվտանգության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքի զարգացմանը, ինչպես նաև որպես երջանիկ անհատ ու հասարակության իրավագիտակից և պատասխանատու քաղաքացու կայացմանը: Երիտասարդությունը հասարակական փոփոխությունների շարժիչ ուժն է, և նրանց՝ հասարակական-քաղաքական կյանքին առողջ մասնակցությունն ապահովելու համար կարևոր են նմանատիպ հարթակները, որոնք լիարժեք և կայուն գիտելիքներ են փոխանցում ժողովրդավարական արժեքների մասին, պատրաստում ակտիվ քաղաքացիներ»,- ասել է Զարա Ասլանյանը։ Նա նաև նշել է, որ ժողովրդավարության սկզբունքները, օրենքի և իրավունքի ամրապնդումն ու պահպանումը Կառավարության առաջնահերթ խնդիրներից են։

Ծրագրի մասնակիցները ճանաչողական այցեր են ունեցել տարբեր պետական գերատեսչություններ, ծանոթացել նրանց աշխատանքի սկզբունքներին:

«Մոդել Հայաստան» կրթական սիմուլյացիոն խաղը ստեղծվել է «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ–ի կողմից «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում։

Ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» հետ համատեղ: