ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Առաջինից երկրորդ ընթերցում նախարարությունը սերտորեն աշխատել է ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանի հետ, ինչի արդյունքում նախագիծը լավարկվել է ու լրացվել նոր դրույթներով, որոնք վերաբերում են գրադարանային աշխատողին, նրա իրավունքներին, պարտականություններին և այլն։
Օրենքի նախագծով ամրագրվում են գրադարանների օգտագործման նպատակները, այդ թվում՝ տնտեսական և ձեռնարկատիրական, գրադարանային աշխատողների ատեստավորման մասին դրույթը, սահմանվում է էլեկտրոնային գրադարան հասկացությունը։
Նշվել է, որ օրենքում կամրագրվի նաև արտերկրի կարևոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը։
Օրենքի ընդունման դեպքում գրադարանները կարող են դառնալ սոցիալ-կրթական ինստիտուտներ՝ հասարակության բոլոր շերտերի և խմբերի համար ոչ ֆորմալ կրթության և ժամանցի միջավայրի ապահովմամբ։