Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս Հովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում անցկացրել է արգելքների հաղթահարման ՀՀ առաջնությունը։ Մրցութային երկու օրերի ընթացքում հանդես են եկել Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի, «Սիլ» և «Միրաժ» ակումբների մարզիկներն ու նժույգները։ Մրցումներն անցկացվել են B, C, D դասերում։

Մրցումային առաջին օրը D դասում երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնը ներկայացնող Վանիկ Ավետիսյանը, երկրորդ հորիզոնականը՝ «Սիլ» ակումբը ներկայացնող Ալբերտ Սուքիասյանը, իսկ լավագույն արդյունքը ցույց է տվել Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնը ներկայացնող Գեորգի Ղազարյանը։

C դասում երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ալբերտ Սուքիասյանը, երկրորդ հորիզոնականը՝ Ձիասպորտի կենտրոնի մարզիկ Դավիթ Խալաթյանը, իսկ առաջին հորիզոնականը՝ Լալա Տեր Մինասյանը։

B դասում արծաթե և ոսկե մեդալները նվաճել են Ալբերտ Սուքիասյանը և Ռոբերտ Խաչատրյանը, որը նույնպես ներկայացնում էր «Սիլ» ակումբը։

Մրցումային երկրորդ օրը D դասում երրորդ տեղը զբաղեցրել է Դավիթ Խալաթյանը, երկրորդ տեղում հայտնվել է Ալբերտ Սուքիասյանը, իսկ առաջին տեղում՝ Գեորգի Ղազարյանը։

C դասում երրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է Լալա Տեր Մինասյանը, երկրորդ տեղը՝ Ալբերտ Սուքիասյանը, իսկ հաղթողի կոչմանն արժանացել է «Միրաժ» ակումբը ներկայացնող Արսեն Պողոսյանը։

B դասում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ալբերտ Սուքիասյանը, իսկ առաջին տեղը զբաղեցրել է Ռոբերտ Խաչատրյանը։

Մրցանակակիրներին պարգևատրել են ՀՁՖ նախագահ Հայրապետ Հայրապետյանը, գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը, նախագահության անդամ Արմեն Քեհեյանը և առաջնության գլխավոր մրցավար Միքայել Ղազարյանը։

Նշենք նաև՝ սեպտեմբերի 13-15-ը Հայաստանի ձիասպորտի հավաքականի անդամ Ալբերտ Սուքիասյանը Սպեկտրալ նժույգով Թբիլիսիում մասնակցել է Աշխարհի Գավաթի որակավորման փուլին (CSI1*): Նա, հաջողությամբ հաղթահարելով 140 սմ բարձրությամբ արգելքները, մրցանակային տեղ է զբաղեցրել: