ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ամենամյա երիտասարդական ֆորումին, որն այս տարի համախմբել էր ՀՀ 10 մարզերից և Երևանից 150 երիտասարդների ու երիտասարդական ՀԿների ներկայացուցիչների։

Ֆորումին մասնակցել են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, ՀՀ‐ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան Գործընկերության երկրներում» ծրագրի ղեկավար Թոմաս Մայերը։

Ամենամյա երիտասարդական ֆորումի մեկնարկը տրվել է «Տիեզերք» բենդի կատարումներով:

Ֆորումի շրջանակում իրականացվել են պանելային քննարկումներ երիտասարդական քաղաքականության մշակման անհրաժեշտության, երիտասարդության, երիտասարդական կազմակերպությունների, երիտասարդական աշխատողների և պետության միջև իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտության և նրանց կարիքների ու պետությունից ունեցած ակնկալիքների վերաբերյալ:

Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը երիտասարդության ոլորտում իրականացվող բարեփոխումներում կարևորել է ինչպես քաղհասարակության կառույցների ներկայացուցիչների, այնպես էլ անմիջապես երիտասարդների մասնակցությունը գործընթացներին։ Նա հատկապես ընդգծել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի մշակմանը երիտասարդների մասնակցությունը. «Առաջնային համարելով երիտասարդների ձայնն ու առաջնահերթությունները՝ հանրային լսումներ ենք կազմակերպել ավելի քան 1000 երիտասարդի մասնակցությամբ՝ ընդգրկելով ամբողջ ՀՀ տարածքը։ Մեզ համար կարևոր է օրենքին հաջորդող ռազմավարական փաստաթղթում ներկայացնել երիտասարդների թե՛ կարիքները, թե՛ ակնկալիքները»։ Պանելային քննարկմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է երիտասարդական ոլորտում իրականացվող քաղաքականությունը՝ օրենքի մշակումից մինչև երիտասարդական կենտրոնների ստեղծում, երիտասարդական աշխատողների վերապատրաստումեր, կարողությունների զարգացման և իրազեկման աշխատանքներ, դրամաշնորհային և միջազգային համագործակցությամբ իրականացվող ծրագրեր: Նա իրազեկել է, որ այժմ ընթացքի մեջ է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության փուլը՝ կոչ անելով ակտիվորեն քվեարկել հայտ ներկայացրած քաղաքներից որևէ մեկի՝ Աբովյանի, Ալավերդիի, Ապարանի, Մարտունիի կամ Նոյեմբերյանի օգտին:

«Ձեր դերը հանրության կյանքում չափազանց կարևոր է՝ կայանալու որպես իրավատեր, նախաձեռնող քաղաքացի, որը մասնակից է այն փոփոխություններին, որոնք ուզում ենք տեսնել մեր երկրում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ հորդորելով երիտասարդներին ցուցաբերել բարձր մասնակցություն պետական ծրագրերին։

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը ներկայացրել է ոլորտում օրենսդրական բարեփոխումները՝ կարևորելով երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում, որը բաց է նրանց հետ համագործակցության համար:

Ֆորումի շրջանակում անցկացվել են նաև 5 աշխատարաններ հետևյալ թեմաներով՝ «Տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ-երում) երիտասարդների ակտիվ մասնակցության խոչընդոտները և հնարավորությունները», «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երիտասարդների կարիքները և ակնկալիքները ՀՀ պետական երիտասարդական քաղաքականությունից», «Երիտասարդների առջև ծառացած հիմնախնդիրները և դրանց պետական երիտասարդական քաղաքականության արձագանքը», «Երիտասարդների տնտեսական ակտիվության բարձրացման, զբաղվածության և ձեռներեցության խթանման խոչընդոտները և հնարավորությունները», «Երիտասարդների կարիքները և ակնկալիքները պետությունից, ՏԻՄ-երից և հասարակական կազմակերպություններից»։

Ընտրված մասնակիցներն իրենց համայնքներում նախապես իրականացրել են ֆոկուս խմբային քննարկումներ՝ վերհանելու իրենց համայնքում բնակվող երիտասարդների կարիքները և ֆորումի ընթացքում կիսվել են արդյունքներով։ Ֆորումը կամփոփվի 5 աշխատարանների շրջանակում առաջարկների փաթեթի մշակմամբ։

Ամենամյա երիտասարդական ֆորումն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ՝ «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության և Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության կողմից՝ GIZ-ի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների. երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից։