Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը:
Նիստում քննարկվել է 7 նախագիծ՝ Սյունիքի մարզի Որոտնավանք վանական համալիրի հիմնական կառույցների ջրամեկուսացման և տարածքի բարեկարգման, Լոռու մարզի Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարանի նախագծի վերանայման, Կաճաճկուտ գյուղի Սեդվու վանական համալիրի Սբ Նշան եկեղեցու և ամրոցի վերականգնման, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի Օրբելյանների քարավանատան վերականգնման, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան բնակավայրի Շուշանավանքի վերականգնման, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 3 հասցեում գտնվող շինության ձեղնահարկի միջնորմերի և արտաքին պատերի երեսապատման ապամոնտաժման նախագծերը և Կոտայքի մարզի Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի բաղնիքի վերակազմության հոլովակը:
Լոռու մարզի Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարանի նախագծի վերանայման առաջարկը մերժվել է. մնացած նախագծերը որոշակի դիտողություններով համարվել են ընդունելի։
Հիշեցնենք, որ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի Օրբելյանների քարավանատան վերականգնման, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան բնակավայրի Շուշանավանքի վերականգնման, Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղի Սեդվու վանական համալիրի Սբ Նշան եկեղեցու և ամրոցի վերականգնման նախագծերը կազմվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով՝ առաջիկայում վերականգնելու նպատակով։