Գեղարքունիքի մարզի «Արևիկ» հանգստյան գոտուց մինչև Շողակաթ համայնքն ընկած ճանապարհահատվածում՝ շուրջ 20 կմ մրցատարածությունում այսօր 66 դպրոցականներ մասնակցել են «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարին:

Մրցաշարին հետևել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը,Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև հեծանվավազքին՝ մասնակից աշակերտներին հեծանիվով ուղեկցելով մեկնարկից մինչև եզրագիծ:
Մրցաշարն անցկացվել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև:

1-ին տեղը զբաղեցրել է Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Կոտայքի մարզի Կապուտանի միջնակարգ դպրոցը, իսկ 3-րդ տեղը գրավել է Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցը։

Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվել են ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթով, մեդալներով և դրամական պարգևներով: 1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվել է 4․000․000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2․500․000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1․500․000 ՀՀ դրամով:

Պարգևատրվել են նաև դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները․ 1-ին տեղ՝ 700․000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500․000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ՝ 300․000 ՀՀ դրամ: Հեծանվավազքի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 2 մասնակից՝ 150․000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 100․000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 75․000-ական ՀՀ դրամ։

Հաղթողներին պարգևատրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Շնորհավորելով մրցաշարի հաղթողներին և բոլոր մասնակիցներին՝ Վարչապետը նշել է, որ միջոցառման նպատակը առողջ ապրելակերպի խրախուսումն է․ «Ուզում ենք բոլոր հնարավոր ձևերով առողջ ապրելակերպը քարոզել, դրան զուգահեռ նաև քարոզել թիմային պայքարի տրամաբանությունը: Դպրոցականների շրջանում «Վարչապետի գավաթ» ձևաչաձով անհատական մրցամարտ ենթադրող մրցաշարեր չունենք: Ե՛վ սեղանի թենիսը, և՛ խճուղային վազքը, և՛ հեծանվավազքը՝ բոլորը թիմային են»:

Մրցաշարի կազմակերպման և դպրոցականների կողմից նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով ուսումնական տարվա սկզբին ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական ուումնական հաստատություններին տրամադրվել են հեծանիվներ։

«Այս ծրագրի համար 6500 հեծանիվ ենք ձեռք բերել, որոնց մի մասն արդեն բաժանվել է դպրոցներին։ Մյուս մասը ևս շուտով կլինի Հայաստանում և համապատասխանաբար կբաժանվի դպրոցներին»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և տեղեկացրել, որ հաջորդ մրցաշարը կանցկացվի փոքր-ինչ փոփոխված ձևաչափով՝ ընդգրկելով ավելի մեծ թվով մասնակիցների։ Նա կոչ է արել հանրությանը ակտիվ լինել և մասնակցել նաև հոկտեմբերի 19-ին կայանալիք խճուղավազքի մրցաշարին։

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի 1-ին փուլին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի միջնակարգ, ավագ դպրոցների և վարժարանների թիմերը, իսկ 2-րդ՝ եզրափակիչ փուլին՝ 1-ին փուլում 1-3-րդ տեղերը գրաված հաստատությունների հավաքական թիմերը (թիմի կազմում՝ 1 տղա, 1 աղջիկ):

Նշենք, որ նախորդ տարիներին հեծանվավազքի սիրողական մրցաշարն անցկացվում էր կանանց և տղամարդկանց երկու տարիքային խմբերի համար։ «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերի անցկացման կարգում կատարված փոփոխությամբ՝ այս տարվանից սկսած՝ խճուղային հեծանվավազքի և սեղանի թենիսի մրցաշարերն անցկացվում են միայն դպրոցականների համար: Իսկ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարին մասնակցող 3 տարիքային խմբերից մեկը 13-17 տարեկան դպրոցականներն են։