Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Անտունի» բալետի առաջնախաղը՝ նվիրված հայ երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան 155-ամյակին:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա են եղել առաջնախաղի ներկայացմանը։
Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետի ներկայացման առաջին առաջնախաղը տեղի է ունեցել 1969 թ.՝ նվիրված Կոմիտասի 100-ամյակին: Այն ժամանակ Կոմիտասի դերում Ռուդոլֆ Խառատյանն էր, Խումարի դերում՝ Աննա Մարիկյանը։
55 տարի անց Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը օպերայի բեմ է վերադարձել՝ նոր մատուցմամբ, ժամանակակից բեմադրական լուծումներով և բեմանկարչական նորագույն տեխնոլոգիաներով։
Գլխավոր դերերը մարմնավորել են ՀՀ վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանը (Անտունի), Անահիտ Վասիլյանը և Մարիամ Գարաջյանը (Խումար)։
Հատկանշական է, որ բալետի բեմի առաջնային ձևավորումը պատկանում էր Մինաս Ավետիսյանին, հագուստների ձևավորումը՝ Ռոբերտ Էլիբեկյանին, խորեոգրաֆիան և լիբրետոն՝ Մաքսիմ Մարտիրոսյանին։ Այժմյան ներկայացման բեմանկարիչը Մինաս Ավետիսյանի որդին՝ Նարեկ Ավետիսյանն է, խորեոգրաֆիան վերականգնել է Մաքսիմ Մարտիրոսյանի դուստրը՝ Սուսաննա Մարտիրոսյանը, իսկ հագուստների պատրաստման ողջ գործընթացը վերահսկել է Ռուբինա Հովհաննիսյանը՝ կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի դուստրը:
Երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան։
«Անտունի» բալետը կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի և բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանի ստեղծագործական գլուխգործոցն է։ Մաքսիմ Մարտիրոսյանի հեղինակած լիբրետոյի համար հիմք է ծառայել Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը։