Սեպտեմբերի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երկրորդ միջազգային փառատոնի բացման համերգը՝ նվիրված Կոմիտասի 155-ամյակին:

Փառատոնի պաշտոնական բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Նախարարը ողջունել է ներկաներին և նշել, որ Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երկրորդ միջազգային փառատոնի բացման համերգը տեղի է ունենում Կոմիտասի ծննդյան նախօրեին, ինչը խորհրդանշական է․ «Այն մեկ անգամ ևս հնարավորություն է տալիս խոսելու և խորհելու այն կարևոր արժեքների և ժառանգության մասին, որ թողնված է մեզ՝ նաև որպես պատասխանատվություն` դրանք շարունակելու, զարգացնելու, պահպանելու։

Հուսով եմ, որ փառատոնը կլինի շարունակական, կանցկացվի ավելի մեծ դահլիճներում, ավելի շատ հանդիսատեսով՝ ցույց տալու նաև երգեհոնային երաժշտությամբ հետաքրքրվող և այդ երաժշտությունը վայելող մարդկանց աճող թիվը։ Ուզում եմ վստահեցնել, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ լինելու է ձեր կողքին՝ բոլոր այս կարևոր նախաձեռնություններում՝ այս կարևոր առաքելությունն առաջ տանելու։ Ունենք հագեցած մշակութային տարի, մեզ բազում հրաշալի համերգներ են սպասվում և ուրախալի է, որ դրանք անցկացվելու են նաև մարզերում։ Կարևոր է, որ այս մշակութային իրադարձությունները՝ համերգները, հասանելի լինեն մեր հանրության տարբեր շերտերին՝ տարբեր բնակավայրերում»։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր Հայաստանում կանցկացվի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երկրորդ միջազգային փառատոնը:

Հայաստանյան երգեհոնահարների հետ միասին փառատոնն իրենց ներկայությամբ կզարդարեն Ջոշեմ Շուրմանը (Նիդերլանդներ), Էուջենիո Մարիա Ֆաջանին (Իտալիա), Պիտեր Կլայիներթը (Գերմանիա), Նարինե Սիմոնյանը (Ֆրանսիա), Սալվատորե Պրոնեստին (Իտալիա/Գերմանիա):

Հայկական երգեհոնային դպրոցը կներկայացնեն Աննա Բակունցը, Կարինե Հովհաննիսյանը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Հովհաննես Մանուկյանը, Արմեն Աղաջանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Լուսին Սառաջյանը, Լուսինե Հարությունյանը, Վահագն Մարգարյանը, Մարինա Նահապետյանը, Արփինե Հարությունյանը և այլք:

Փառատոնային համերգները կանցկացվեն Երևանում, Կապանում, Չարենցավանում և Գյումրիում: Կիրականացվեն նաև Կոմիտասին և Ավետ Տերտերյանին նվիրված ծրագրային համերգներ: Կհնչեն ինչպես դասական երգեհոնային, այնպես Էլ հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ և հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործություններ:

Փառատոնի ընթացքում կանցկացվեն վարպետության դասեր արտերկրից ժամանած երգեհոնահարների կողմից:

Նշենք, որ Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երկրորդ միջազգային փառատոնի բացման շրջանակում Կոմիտասի անվան ազգային քառյակը պարգևատրվել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Կոմիտաս» հուշամեդալով։ Պարգևը հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։