ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի 10-րդ առցանց նիստին ներկայացվել են սպորտի և երիտասարդական քաղաքականության ուղղություններով ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող աշխատանքները:
Երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները և տեղեկացրել՝ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կազմված է պետական հատվածի, քաղաքացիական հասարակության կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև համանման աշխատանքներում ներգրավված ոլորտային դերակատարներից: Օրենքի նախագիծը ներկայացվել է նաև ՀՀ բոլոր մարզերի շահագրգիռ կողմերին. քննարկումներին ավելի քան 1000 երիտասարդ է մասնակցել:
Զարա Ասլանյանը նշել է՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. պետական ծրագրի երիտասարդական պետական քաղաքականության ոլորտում ամրագրված է մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացման և իրացման կարևորությունը: Ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը հիմնել 25 երիտասարդական կենտրոններ, որոնցից 4-ն արդեն ստեղծվել են, ևս 4-ը կստեղծվեն մինչև տարեվերջ: Դրանք կարևոր հարթակներ են երիտասարդների կարողությունների բացահայտման, զարգացման, քաղաքացիական կեցվածքի ձևավորման ու դրսևորման համար:
Երիտասարդության հարցերի վարչության պետն անդրադարձել է նաև երիտասարդների շրջանում սոցիալական ձեռներեցության խրախուսմանն, ինչպես նաև լավագույն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրմանն ուղղված ծրագրերին:
ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը ներկայացրել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2024-2030 թվականների ռազմավարությունը: Նրա խոսքով՝ վերջինս ներառում է այն գլխավոր ուղղությունները, որոնք ամրագրված են Եվրոպական սպորտային խարտիայում:
Անդրադառնալով գլխավոր նպատակներին և թիրախներին՝ Արթուր Սեդրակյանն ընդգծել է երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի քարոզումը և ամրապնդումը, ըստ բնակության վայրերի՝ սպորտով զբաղվելու համար բարենպաստ պայմանների ստեղծումը, բնակչության տարբեր տարիքային և սոցիալական խմբերի համար զանգվածային մարզական միջոցառումների կազմակերպումը, քաղաքային բնակավայրերում հեծանվաուղիների կազմակերպման, հասարակության բոլոր շերտերի համար ֆիզիկական ակտիվությամբ և սպորտով զբաղվելու հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովումը: Նա կարևորել է նաև միջազգային կառույցների հետ փոխհամագործակցության զարգացումը, դոպինգի կիրառման դեմ պայքարի իրավական մեխանիզմների կատարելագործումը, մարզիչների վերապատրաստումները, ինչպես նաև Եվրոպական խարտիայի հովանու ներքո բազմաբնույթ միջոցառումների անցկացումն ու դրանց անվտանգության և սպասարկման իրավակարգավորումների ապահովումը:
Արթուր Սեդրակյանը նաև ներկայացրել է վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանում անցկացված մարզական խոշոր իրադարձությունները, այդ թվում՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների առաջնությունները, վոլեյբոլի Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկանների երկրորդ փուլը: Նրա խոսքով՝ «Եվրոպական շաբաթ» ծրագրի շրջանակում Երևանում տեղի են ունեցել մի շարք բացօթյա մարզական միջոցառումներ սպորտի և առողջ ապրելակերպի քարոզման և խրախուսման նպատակով՝ միջոցառման մաս դարձնելով բազմաթիվ երիտասարդների և պատանիների:
ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի 10-րդ առցանց նիստը տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի համանախագահությամբ: Ամեն տարի տեղի ունեցող ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով» ենթակոմիտեի 10-րդ առցանց նիստին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍՆ և այլ շահագրգիռ նախարարությունների, Եվրոպական հանձնաժողովի համապատասխան ոլորտային վարչությունների աշխատակիցներ և Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի ներկայացուցիչներ: