ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի կողմից իրականացված «Ալագյազի մանիներ» ծրագիրը կամփոփվի համանուն մուլտֆիլմի շնորհանդեսով:

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00–ին, Շիրակի մարզի Անի համայնքի Իսահակյան բնակավայրում՝ Ավետիք Իսահակյանի արձանի մոտ, տեղի կունենա մուլտֆիլմի շնորհանդեսը, իսկ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին, մուլտֆիլմը կցուցադրվի Երևանում՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում:

Իսահակյան բնակավայրում տեղի կունենա նաև համերգային ծրագիր՝ համայնքի մշակույթի տան և գյուղի դպրոցի սաների մասնակցությամբ: Նախատեսվում են նաև «Արևիկ» մանկապատանեկան երգչախմբի ելույթը և միասնական շուրջպարը մուլտֆիլմի երգի հնչողության ներքո:

Նախատեսվում է մուլտֆիլմը ներառել թանգարանի կրթական ծրագրում՝ ներկայացնելով ոչ միայն Ավետիք Իսահակյանի կյանքն ու ստեղծագործական ուղին, այլև Վարդավառի և Համբարձման տոները՝ վարպետի ժողովրդական բառ ու բանով համեմված «Ալագյազի մանիներ» պոեմի միջոցով: Կրթական ծրագրի ինտերակտիվ հատվածում երեխաներին կուսուցանվեն ֆիլմում ներկայացված Վարդավառի կամ Համբարձման տոնի ծիսակարգերը, երգերն ու պարերը։

Ծրագրի նպատակն է Ավետիք Իսահակյանի ստեղծագործության միջոցով սերունդներին փոխանցել հայկական տոների խորհուրդը, որը կիրականացվի թվային տեխնոլոգիաների և ինտերակտիվ ուսուցման միջոցով: