Հայաստանի Հանրապետության անկախության օրն այս տարի նշանավորվել է մշակութային բացառիկ իրադարձությամբ․ Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսը։

Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում են Բրիտանական թանգարանից Հայաստանի պատմության թանգարան բերված Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ցուցանմուշները Բրիտանական թանգարանից Հայաստան են տեղափոխվել ժամանակավոր ցուցադրության նպատակով՝ 6 ամսով: Դրանք համադրվել են Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից առանձնացված ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշների հետ՝ ներկայացնելով Մայր աստվածության գաղափարը` հեթանոսությունից մինչև քրիստոնեություն։

Ցուցադրությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցության շրջանակում։

Հանրապետության հրապարակում ժամը 20:00-ին նախ հնչել է Հայաստանի պետական օրհներգը, որից հետո տեղի է ունեցել համերգային ծրագիր։

Ցուցադրությունը սեպտեմբերի 21-ին բաց կլինի մինչև կեսգիշեր։