ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Տարվա լավագույնները» մրցույթի հայտերի ընդունելություն:

Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է՝ ԿԳՄՍ նախարարի 2024թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն:

«Տարվա լավագույնները» մրցույթի նպատակն է՝ խրախուսել մասնագիտական (կրթական, առարկայական) խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական, հետազոտական աշխատանք կատարող մանկավարժներին, խթանել նրանց կողմից նոր նախագծերի իրականացումը, տարածել նրանց մանկավարժական և մասնագիտական առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ մանկավարժի հեղինակության բարձրացմանը: Մրցույթը նպատակ ունի նաև ոգևորել ստեղծագործական, հետազոտական աշխատանք կատարող, կառավարման ժամանակակից միջոցներին տիրապետող տնօրեններին, նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, տարածել նրանց մանկավարժական և ղեկավարման առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ մանկավարժ-ղեկավարի հեղինակության բարձրացմանը: Մրցույթի նպատակներից է նաև խրախուսել երեխաների կյանքի և առողջության պահպանման, նրանց ներդաշնակ ու համակողմանի զարգացման ուղղությամբ կրթադաստիարակչական աշխատանքում մեթոդական, գործնական խորը պատրաստվածություն ցուցաբերած, հմուտ, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժական աշխատողներին, խթանել նրանց կողմից նոր նախագծերի իրականացումը, ընդհանրացնել նրանց մասնագիտական առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ նրանց հեղինակության բարձրացմանը:

Մրցույթին կարող են մասնակցել.

  • հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը,
  • հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի տեղակալը,
  • հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը,
  • տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՏՄԱԿ) կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության մանկավարժական աշխատողը։

Մրցույթը կազմակերպվում է հետևյալ առանձին անվանակարգերով.

  1. Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն
  2. Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի լավագույն տեղակալ
  3. Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ՝ հետևյալ բնագավառներում՝

ա. «Հայոց լեզու և գրականություն»

բ. «Հայրենագիտություն»

գ. «Օտար լեզուներ»

դ.«Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)»

ե. «Հասարակություն, հասարակական գիտություններ»

զ. «Արվեստ և արհեստ»

է. «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»

  1. Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն դասվար
  2. Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն խմբակավար
  3. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի լավագույն օգնական
  4. Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն հոգեբան
  5. Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն
  6. Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն մեթոդիստ՝ հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալ
  7. Նախադպրոցական ուսումնական հաստատության (այդ թվում՝ նախակրթարանի) լավագույն դաստիարակ (երաժշտության դաստիարակ, ֆիզկուլտուրայի հրահանգիչ)
  8. ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հոգեբան
  9. ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն սոցիալական աշխատող
  10. ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հատուկ մանկավարժ:

Մրցույթի կազմակերպումը և անցկացումը

«Լավագույն տնօրեն», «Տնօրենի լավագույն տեղակալ», «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն դասվար» և «Լավագույն խմբակավար» անվանակարգերում դիտարկվելու են սույն թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման փորձի խրախուսման շրջանակում իրականացված «Ամսվա լավագույնները» մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների հայտերը:

Մյուս բոլոր՝ 6-13-րդ անվանակարգերում, մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետը սույն թվականի սեպտեմբերի 23-ն է՝ ժամը 18:00-ն: Ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվի։ Այն հայտերը, որոնք ամբողջական են և ներկայացված են հայտարարությամբ սահմանված ժամկետներում, գնահատվում են մրցութային հանձնաժողովի կողմից՝ հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո, առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Մրցույթի մասնակիցը պետք է ունենա հայտով ներկայացված աշխատանքի ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ:

Նախորդ տարիներին անցկացված մրցույթների արդյունքում պարգևատրված հայտը նոր մրցույթին չի կարող ներկայացվել:

Մրցույթին կարող է ներկայացվել ինչպես անհատական հայտ՝ առանձին մասնակցի կողմից, այնպես էլ համատեղ հայտ՝ մասնակիցների խմբի կողմից՝ բաղկացած առավելագույնը 2 անդամից: Խմբային հայտի դեպքում կարող են ներառված լինել ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։

Մրցույթի մասնակիցը կամ մասնակիցների խումբը ներկայացնում է հայտ՝ ուղղված.

  1. դասավանդման, ուսուցման և գնահատման այլընտրանքային ձևերի, մեթոդների ներդրմանն ու կիրառմանը, առարկայական հեղինակային ծրագրերի մշակմանն ու կիրառությանը դպրոցական բաղադրիչի շրջանակում, այդ թվում՝ շեշտադրելով նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, ներառականությունը, համագործակցությունը, սովորողների համապարփակ իմացական, ճանաչողական, հաղորդակցման և գործնական բնույթի հմտությունների զարգացումը, բազմակարծությունը և այլն,
  2. ուսուցման կազմակերպման տարբեր եղանակների, հեռավար ուսուցման ձևերի, կրթության կառավարման նոր մեթոդների ներդրմանն ու կիրառմանը, ուսումնական հաստատության աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, ուսումնական հաստատության աշխատակազմի խրախուսման նոր մեթոդների ներդրմանն ու կիրառմանը, ծնողների, համայնքի, այլ կառույցների և կազմակերպությունների հետ աշխատանքների նոր ձևերի զարգացմանը, ուսումնական հաստատության՝ էական նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծմանը և բարելավմանը և այլն,
  3. բռնությունից զերծ հաստատության ձևավորմանն ուղղված արդյունավետ մոտեցումների, ծնողների հետ աշխատանքի արդյունավետ ձևերի ներդրմանն ու կիրառմանը, սովորողների համար ապահով և անվտանգ միջավայրի ձևավորմանը և այլն։

Մրցույթին ներկայացվող հայտը ներառում է՝

  1. դիմում՝ ուղղված ԿԳՄՍ նախարարին (նշելով մրցույթի անվանակարգը),
  2. անձը հաստատող փաստաթուղթ,

3) տեղեկանք աշխատավայրից,

4) իրականացրած աշխատանքի նկարագիր (աշխատանքի կամ դասի կամ պարապմունքի պլան, նորարարություն, նախադպրոցական կրթության և հանրակրթության պետական չափորոշիչների տրամաբանության արտացոլում, իրականացրած աշխատանքի արդյունքներ) մինչև 5 էջ, pdf ձևաչափով,

5) ներկայացված աշխատանքի նկարագրին համապատասխան սահիկաշար՝ առավելագույնը 15 սահիկ, կամ 10 րոպե տևողությամբ տեսանյութ (6, 7, 8, 9, 11, 12, 13-րդ անվանակարգերում),

6) ներկայացված աշխատանքի նկարագրին համապատասխան 10 րոպե տևողությամբ տեսանյութ (10-րդ անվանակարգում):

Պահանջվող փաստաթղթերից զատ՝ այլ փաստաթղթեր (հավաստագրեր, վկայականներ, տեղեկանքներ և այլն) չկցել։

Հայտերի գնահատումը և մրցույթի արդյունքների ամփոփումը

Հայտերի գնահատման չափանիշներն են՝ հայտի կառուցվածքային ամբողջականությունը, արդիականությունը, հիմնավորվածությունը և ազդեցությունը՝ նախադպրոցական կրթության և հանրակրթության պետական չափորոշիչների տրամաբանությամբ։

Հայտը գնահատվում է 100 միավորային համակարգով՝ ըստ վերոնշյալ չափանիշների (կառուցվածքային ամբողջականությունը՝ առավելագույնը 10 միավոր, արդիականությունը՝ 30 միավոր հիմնավորվածությունը՝ 30 միավոր ազդեցությունը՝ 30 միավոր)։ Յուրաքանչյուր հայտ գնահատվում է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից։ Հայտի ստացած ընդհանուր միավորը հաշվարկվում է հանձնաժողովի անդամների կողմից տրված գնահատականների միջին թվաբանականով։

Մրցույթի արդյունքում կպարգևատրվի յուրաքանչյուր անվանակարգում առավելագույն միավորներ ստացած մասնակիցը՝ ելնելով տվյալ մրցույթի համար հատկացված միջոցների ընդհանուր ծավալից: Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված մասնակիցներին կարող են տրվել նյութական պարգևներ։ Դրամական պարգևի դեպքում դրա առավելագույն չափը հինգ հարյուր հազար ՀՀ դրամ է՝ անհատական հայտի դեպքում, և մեկ միլիոն ՀՀ դրամ՝ խմբային հայտի դեպքում։ Միևնույն անձը տվյալ տարում չի կարող պարգևատրվել տարբեր անվանակարգերում:

Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է արդյունքներն ամփոփվելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում։ «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում նախատեսվում է դրամական պարգևի տեսքով խրախուսել շուրջ 22 մասնակցի (պարգևատրման չափը կարող է փոփոխվել՝ ներկայացված հայտերի և դրանց գնահատման արդյունքներից կախված):

Մասնակիցները մրցութային հայտերը պետք է ներկայացնեն իրենց հաստատության լիազոր մարմնին (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ, իսկ ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության դեպքում՝ secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին)՝ մինչև սույն թվականի սեպտեմբերի 23-ը ներառյալ՝ ներկայացնելով Կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերն (PDF տարբերակով) ու նյութերը, ինչպես նաև լրացնեն և կցեն ձևաչափը (ներկայացնել Word տարբերակով):

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ 010-59-96-20 հեռախոսահամարով: